Պակիստանում անհայտ անձինք հարձակվել են ակտիվիստների վրա, որոնք Բաջուրի շրջանում երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստում էին իրականացնում: «Դոոն» թերթի փոխանցմամբ՝ հարձակման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս մեկը վիրավոր է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սա արդեն երկրորդ հարձակումն է մեկ օրվա ընթացքում: Մարտի 17-ին Մանշեհրայի շրջանում գնդակահարել էին երեք ակտիվիստների եւ մեկ ոստիկանի: Նրանք բոլորը տեղում զոհվել էին: Երկու դեպքում՝ էլ հարձակվողներին չի հաջողվել ձերբակալել:

Նախկինում Պակիստանում գործող թալիբները սպառնացել էին պատվաստում իրականացնող ակտիվիստներին: 2012-ի դեկտեմբերից զոհվել է պատվաստում անող 60 ակտիվիստ:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2013 թվականին Պակիստանում արձանագրվել է պոլիոմիելիտի հիվանդության 91 դեպք, իսկ 2012-ին՝ 58 դեպք: