Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող «Վերնիսաժի» գործով դատական նիստը այսօր՝ մարտի 18-ին, չկայացավ: Առողջական խնդիրների պատճառով ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանը եւ Ներսես Մելքոնյանը դատարան չէին ներկայացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վալերիկ Հովհաննիսյանի փաստաբան Արայիկ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալի մոտ երկկողմանի թոքաբորբ է, որն առաջացել է հետվիրահատական շրջանում:
«Երկու ամբաստանյալների բացակայության դեպքում նիստը տեղի ունենալ չի կարող: Վալերիկ Հովհաննիսյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է, հետվիրահատական շրջանում առաջացել: Ես նույնիսկ տեղեկանք էի բերել, սակայն նիստը չկայացավ, այն ներկայացնելը հնարավոր չեղավ»,-ասաց Ալվանդյանը։
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 13-ին։
Նշենք, որ Վալերիկ Հովհաննիսյանի հաստ աղիքն են վիրահատել. հարազատների պնդմամբ՝ նա անցած տարվա հուլիսին կալանավորվել է աղքիը դուրս ընկած վիճակով:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























