ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 18-ին, ընդունել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության նախագահը եվրոպացի գործընկերների հետ շարունակական երկխոսությունը եւ բարձրաստիճան փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, երկուստեք հուզող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը ողջունել է հանձնակատար Յոհաննես Հանի այցելությունը մեր երկիր:
Հանձնակատար Յոհաննես Հանն ընդգծել է, որ մեծապես գնահատում է Հայաստանի եւ եվրոպական գործընկերների միջեւ ընթացող երկխոսությունն ու համագործակցությունը: Նա նշել է, որ այժմ վերանայվում է Եվրոպական հարեւանության քաղաքականության հայեցակարգը, որի սկզբունքների շուրջ տեսակետների ակտիվ փոխանակում է իրականացվում: Այդպիսի կարեւոր սկզբունքներից մեկը, ըստ հանձնակատար Հանի, այն է, որ հարեւանության քաղաքականության յուրաքանչյուր գործընկերոջ հետ ԵՄ-ն պետք է ունենա անհատական մոտեցում՝ հասկանալով եւ հարգելով համագործակցության վերաբերյալ տվյալ երկրի պատկերացումներն ու մոտեցումները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցությունը օգտակար է համարել Հայաստանում բարեփոխումների խթանման տեսանկյունից եւ շնորհակալություն հայտնել եվրոպական բոլոր կառույցներին՝ այս հարցում մինչ այժմ մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար:
Յոհաննես Հանը նշել է, թե ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում նախորդ փուլի բանակցությունները վատնված ջանքեր չէին, եւ անկախ հետագա զարգացումներից, դրանք օգտակար էին ակնկալիքներն ու սահմանված չափանիշները, նաեւ եվրոպական շուկայում մրցունակ լինելու հնարավորությունները պատկերացնելու առումով:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հանձնակատար Յոհաննես Հանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:





























