Մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երեւան ժամանած Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստան – Եվրոպական միություն բարձր մակարդակի պարբերական հանդիպումները՝ ընգծելով, որ դրանք նպաստում են երկկողմ օրակարգի առաջմղմանն ու համագործակցության ընդլանմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հանձնակատար Հանը նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, որի շրջանակներում արդեն բավականին արդյունավետ քննարկումներ է ունեցել, եւ հույս հայտնեց, որ այցը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների իրավական նոր շրջանակի ձեւավորման շուրջ: Այս համատեքստում կարեւորվեց իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ապագա մեկնարկը։

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` առկա ձեռքբերումների հիման վրա շարունակելու ԵՄ հետ համագործակցության հետագա խորացումը բոլոր ուղղություններով, հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձեւաչափերում:

Կողմերը կարեւորեցին 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնք ճանապարհ են բացում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկ։

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց՝ Հայաստանում ընթացող բարեփոխումներին ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական, ֆինանսական աջակցության համար:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում հանձնակատար Հանը ԵՄ աջակությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին։

Հանդիպմանը հետեւեց նախարար Նալբանդյանի եւ հանձնակատար Հանի համատեղ մամլո ասուլիսը: