Ռուսաստանն այսօր գնում է տակտիկական շահի հետեւից` կորցնելով ստրատեգիական շահը: Այս մասին այսօր` մարտի 18-ին, լրագրողներին ասաց «Մոդուս վիվենդի»  կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը` նշելով, որ ստրատեգիական առումով Ռուսաստանի համար այսօր ամենալուրջ վտանգը ներկայացնում են Չինաստանն ու թուրք-իսլամական աշխարհը:

«Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ միասնական թուրքական պետության ստեղծումը Ռուսաստանի համար լուրջ սպառնալիք  է: Այդ պատճառով էլ այսօր Ռուսաստանը  հետաքրքիր քաղաքականություն է  վարում`  մի կողմից շահագրգռված է քրդական պետության ստեղծումով, քանի որ լավ գիտակցում է, որ Քրդստանի ստեղծմամբ պանթուրքական շղթան  կկտրվի, մյուս կողմից էլ`  փորձում է նաեւ Թուրքիան որպես շուկա օգտագործել, քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակն այսօր բավականին վատ է եւ դեռ վատանալու է»,-ասաց նա:

Արա Պապյանը նշեց, որ պատմությունը ցույց է տվել, որ երբ Թուրքիան ու Ռուսաստանը հայտնվում են մեկուսացման մեջ, նրանք մերձենում են եւ նրանց այժմյան մերձեցումը եւս դրանով է պայմանավորված:

«Ակնհայտ է, որ Թուրքիայի եւ Արեւմուտքի, մասնավորապես`  Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի  հարաբերությունները  գնալով վատանում են, ինչը պայմանավորված է Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցմամբ: Կարելի է ասել, որ այժմ Արեւմուտքն իրականում կրկնակի զսպման քաղաքականություն է վարում` ստեղծելով քրդական պետություն, այն կկարողանա զսպել եւ Թուրքիային, եւ Ռուսաստանին»:

Քաղաքագետը նշեց, որ քաղաքական այս իրավիճակում Թուրքիայի  համար եւ նոր հնարավորություններ են ստեղծվում, եւ լուրջ մարտահրավերներ. «Սխալ հաշվարկների դեպքում Թուրքիան կարող է լուրջ պատժվել, այդ պատիժներից մեկն էլ կլինի  Քրդստանի ստեղծումն ու հայոց ցեղասպանության համար հատուցումը»: