Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, այսօր՝ մարտի 18-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, որի ընթացքում ամփոփվել են գերատեսչության 2014 թ. գործունեության արդյունքները:

Կարեն Միրզոյանը նշել է, որ նախորդ տարի ԼՂՀ ԱԳՆ շարունակել է հետեւողական աշխատանքները ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2014 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով չի հաջողվել այդ հարցում իրական առաջընթացի հասնել։

Կարեն Միրզոյանը վերահաստատել է, որ ԱԳՆ կշարունակի ջանքեր գործադրել՝ ուղղված բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչեւ կոնկրետ քայլերի եւ պայմանավորվածությունների մշակումն ու իրագործումը, ԼՂՀ լիարժեք մասնակցության ապահովմանը:

Ընդգծվել է նաեւ միջազգային հանրությանը Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման, ինչպես նաեւ տարբեր երկրների եւ Սփյուռքի հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության նախագահի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրների լուծման ընթացքը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներին եւ կարեւորել ավելի նախաձեռնողական դիվանագիտություն վարելու անհրաժեշտությունը։