Եվրամիությունը Հայաստանի հետ բանակցությունները շարունակելու է նոր իրավական հիմքերի վրա։ Այս մասին Երեւանում մարտի 18-ին՝ «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստի ժամանակ, հայտարարել է ԵՄ հարեւանության եւ ընդլայման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Խանը։
Եվրահանձնակատարը նշեց, որ իր պատվիրակությունը ավարտել է հայ գործընկերների հետ ճանաչողական հանդիպումները, որոնց արդյունքում հնարավոր կլինի սկսել գործընկերության համար նոր իրավական հենքի ձեւավորումը։
Նա նշել է, որ Եվրամիության արեւելյան գործընկերները իրենց արտաքին ուղղվածություններով տարբեր են։ Բրյուսելը եվրաասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներում՝ Մոլդովայում, Ուկրաինայում եւ Վրաստանում կշարունակի բարեփոխումները եւ միաժամանակ կշարունակի ամրապնդել համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։
«Մենք հույս ունենք մշակել համագործակցության նոր ձեւաչափ՝ հաշվի առնելով Հայաստանի միջազգային այլ պարտավորությունները»,- հայտարարել է Խանը։
Նա նշեց, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Երեւանին պետական կառավարման համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության, կաշառակերության դեմ պայքարի, դատական համակարգի, ինչպես նաեւ վիզային ռեժիմի պարզեցման եւ արդեն գործողների հետընդունման հարցերում բարեփոխումներ իրականացնելու հարցում։ «Բացի այդ, մենք շարունակում ենք ամրապնդել Հայաստանում քաղաքացիական հասարակությունը»,- հավելել է եվրահանձնակատարը։





























