Հայաստանն ու Եվրամիությունը սպասում են հետագա համագործակցության մասին իրավական փաստաթղթի ձեւակերպման բանակցությունների մեկնարկին: ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ եվրոպացի պաշտոնյայի այս այցը երկխոսությունը շարունակելու լավ հնարավորություն է, որը սկսվել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի հունվարյան նիստի ընթացքում:
Իրավական փաստաթղթի ձեւակերպման շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ համապատասխան մանդատ տրվի: Նախարարը հիշեցրեց, որ Վիլնյուսի գագաթաժողովի արդյունքներով փոխադարձ մտադրություն է հնչել տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը շարունակելու մասին:
ԱԳ նախարարը նաեւ հույս հայտնեց, որ շուտով այդ գործընթացի, ավելի հստակ՝ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի: Իր հերթին, Հանն ընդգծեց, որ քննարկվել են Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության հարցերը: Ռիգայի գագաթաժողովի նախաշեմին նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում մանդատ կտրվի, եւ կսկսվեն Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները:
Հանձնակատարն ընդգծեց Հայաստանի հետ հարաբերությունների կառուցելու ԵՄ-ի մտադրությունը՝ հարգելով այլ կառույցների առջեւ երկրի ստանձնած պարտավորությունները: Նշելով բարեփոխումների, վարչարարության, մարդու իրավունքների ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ Յոհաննես Հանը նշեց, որ հարկավոր է լավագույն օգտագործել եվրոպական կողմի աջակցությունը՝ հավելելով, որ 2015-2016 թվականներին այդ նպատակների համար աջակցության չափը կկազմի 140-170 մլն դոլար:
Պատասխանելով Եվրամիության եւ այլ կազմակերպությունների հետ համագործակցության համատեղման հնարավորության մասին հարցին՝ եվրահանձնակատարն ընդգծեց, որ բանակցություններն ուղղված էին հենց նրան, որպեսզի հստակ լիներ, թե ինչն է բխում Հայաստանի եւ ԵՄ-ի շահերից:





























