«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի շրջանակում  հայտարարվում է մրցույթ մարզային լրագրողների եւ լրատվամիջոցների համար «Քաղաքացիական հասարակության լուսաբանումը Հայաստանի մարզերում» թեմայով: Լրագրողները կստանան մրցանակներ Հայաստանի մարզերում քաղաքացիական հասարակության գործունեության եւ դերի լավագույն լուսաբանման համար:

«Մրցույթի նպատակն է խրախուսել լրագրողներին լուսաբանել  քաղաքացիական հասարակության գործունեությունը հանրապետության մարզերում: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր մարզերում գործող լրագրողներն ու լրատվամիջոցները, բացառությամբ Երեւանի»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Մրցույթին կարող են ներկայացվել 2014թ-ի մայիսից մինչեւ 2015թ-ի ապրիլ ժամանակահատվածում ՀՀ մարզային լրատվամիջոցներում տպագրված կամ հեռարձակված նյութերը՝ դրանց հեղինակների կամ այլ անձանց եւ կազմակերպությունների կողմից: Երեք լավագույն հոդվածի/հաղորդման հեղինակները կստանան դրամական մրցանակ՝ 200.000-ական դրամ:  Մարզային քաղաքացիական հասարակության գործունեությունը լուսաբանող նյութերը տպագրած կամ հեռարձակած երեք մարզային լրատվամիջոցներ կստանան ֆինանսական եւ նյութատեխնիկական օգնություն իրենց ինտերնետային կայքէջն ստեղծելու/բարելավելու համար: Մրցույթին հայտերը կարող են ներկայացվել մինչեւ 2015թ-ի մայիսի 15-ը`ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

 «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրն իրագործվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ իրականացնող գործընկերների՝ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի եւ Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` Եվրոպական Միության մերձեցման գործընթացը եւ նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը` ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության աջակցության եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ծրագրի լրատվամիջոցների եւ հաղորդակցության հարցերով փորձագետ Նինա Իսկանդարյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, զանգահարել 099 885509, 010552945 ն.հ.՝ 5111 հեռախոսահամարով կամ այցելել www.sdga.am կայքը: