Ուկրաինայում ավազակային հարձակման եւ դիտավորյալ սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված հայազգի Էդգար Գեւորգյանի մայրը սպառնում է մոտ օրերս հացադուլ սկսել, եթե Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը չպատասխանի փետրվարի 27-ի իր դիմումին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Գեւորգյանի պաշտպան Վահագն Մանուկյանը։

«Էդգար Գեւորգյանի գործով Ուկրաինայում լիարժեք եւ բազմակողմանի քննություն չի կատարվել, պաշտպանական կողմի բազմաթիվ հարցադրումներին իրավական առումով պատասխան չի տրվել։ Էդգարի մեղքը դատաքննությամբ չի հիմնավորվել, բազմաթիվ կասկածներ չեն փարատվել, դեպքի վայրի զննությամբ կոնկրետ ոչ մի ապացույց չի հայտնաբերվել նրա մեղքը հիմնավորելու համար»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ Էդգար Գեւորգյանին մինչեւ ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելը դաժան ծեծի են ենթարկել։

Փաստաբանի խոսքով՝ Ուկրաինայում բողոքարկել են Էդգար Գեւորգյանի ցմահ ազատազրկման դատապարտելու մասին որոշումը, սակայն Վերաքննիչն անփոփոխ է այն թողել, այժմ այն բողոքարկվում է Վճռաբեկ դատարանում։ Վճռաբեկը դեռ վարույթ չի ընդունել։

Փաստաբանը նշեց, որ փետրվարի 27-ին Էդգարի մայրը դիմել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն, որտեղ դեսպանը խոստացել էր իրեն ներկայացված փաստաթղթերն ուղարկել Ուկրաինայի իրավապահ մարմիններին։ Դեսպանատունը մինչեւ օրս որեւէ պատասխան չի տվել։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ  տարվա մարտի  24-ին։  Ըստ գործի նյութերի Էդգար Գեւորգյանը Նիկոլաեւ քաղաքում գտնվող խաղատներից մեկում գումար է պարտվել, վերադարձրել է, սակայն վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում սուր կտրող, ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել տեղի աշխատակիցներին, որոնք ըստ գործի նյութերի, մահացել են։ Այնուհետեւ նա հափշտակել է խաղասրահում գումարը եւ դիմել է փախուստի:

Նշենք, որ Էդգար Գեւորգյանը մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1 կետի 6-րդ մասով եւ 187 հոդվածի հատկանիշներով՝ ավազակային հարձակում եւ դիտավորյալ սպանություն: