Թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը՝ հայերի հայրենազրկումը, այլեւ վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 18-ին Երեւանում ընթացող «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողվի ընթացքում։ (ֆոտոռեպորտաժ)

«2015 թվականին Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը միջազգային հանրության հետ հիշում եւ ոգեկոչում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ դարձավ 1.5 միլիոն հայ, հարյուր հազարավորներն էլ դարձան գաղթական կամ բռնի կրոնափոխ եղան։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, զգում է Մեծ եղեռնի հետեւանքները թե՛ բարոյահոգեբանական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական եւ թե՛ քաղաքական առումներով»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաեւ թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջեւ հաշտեցման եւ հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները եւ իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Ցավոք, այս անգամ էլ մենք բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսեւորում ստացավ»:

«Վստահ եմ՝ տեղյակ եք, որ այս տարի Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը տոնել հենց ապրիլի 24-ին, որի միակ դրդապատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու պարզունակ նպատակն էր: Ի դեպ այս առիթով ձեր նորվեգացի գործընկեր Բորդ Լարսենը ս.թ. փետրվարին հրապարակած «Անօգուտ դիվանագիտություն» վերտառությամբ իր հոդվածում շատ դիպուկ նկատել է, թե «սա նման կլիներ նրան, որ, ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային հիշատակման օրը տոներ Վերմախտի հերոսական հաղթանակներն Արեւելյան ճակատում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

Ցավում եմ, որ Թուրքիայի իշխանություններն այս տարելիցը որպես սեփական պատմության հետ առերեսման եւ հաշտեցման առիթ օգտագործելու փոխարեն, իրենք իրենց դրեցին անհարմար իրադրության մեջ՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով Գալիպոլիի մարտերի՝ քաջ հայտնի ժամանակագրությունը եւ այդպիսով համեմելով ժխտողականության քաղաքականությունը նոր դրսեւորումներով»,- նկատել է նախագահը:

Ըստ Սարգսյանի, թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը՝ հայերի հայրենազրկումը, այլեւ վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար: «Դրա վառ օրինակներից են Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունները, վերջին տարիներին «Իսլամական պետության» կողմից իրականացվող էթնիկ զտումներն ու մշակութային ժառանգության ոչնչացումը: Նրանց՝ պատասխանատվությունից խուսափելու կամ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը կարելի է որակել որպես շարունակական հանցագործություն եւ նոր ցեղասպանությունների խրախուսում:

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Թուրքիայի մտավորականության եւ առաջադեմ երիտասարդության ավելի ու ավելի շատ հատվածներ խիզախում են առերեսվել իրենց պատմական անցյալի հետ՝ ցանկանալով ապրել արժանապատիվ եւ չկրել մեղքի այդ ծանր բեռը»,- նշել է Սարգսյանը:

Նա արձանագրել է, թե ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլեւս անհնարին էր հայտնի Արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: «Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, եւ բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ եւ ամենակարեւորը՝ առանց վստահության վերականգնման:

Ի սկզբանե մենք կարծում էինք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հռչակված «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության մեջ ամրագրված էին Թուրքիայի անկեղծ մտադրությունները՝ կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Չեմ ցանկանում մեկնաբանել Թուրքիայի եւ այլ պետությունների ներկա հարաբերությունների բնույթը, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Թուրքիան կանգնեց «զրո հարեւան եւ բազմաթիվ խնդիրներ» իրողության առջեւ: Փաստորեն, Թուրքիայի իրական մտադրությունը ոչ թե «հարեւանների հետ զրո խնդիրներ» ունենալն էր, այլ հարաբերությունների սեփական ընկալումը հարեւաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանիզմի քաղաքականության դրսեւորում:

Ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, որին անդամակցում են հայկական խոշորագույն բոլոր կառույցների ղեկավարները: Հանձնաժողովի կողմից ընդունվեց Համահայկական հռչակագիրը, որում ամրագրված է հայ ժողովրդի հավաքական կամքը եւ որում վերահաստատվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար: Այդ տեսանկյունից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները սոսկ համահայկական բնույթ չեն կրում. դրանք համամարդկային արժեքների դեմ ցանկացած ոտնձգության կանխման յուրատեսակ կոչ են: Այդ իսկ պատճառով ես հրավերներ եմ ուղարկել աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ապրիլի 24-ին գալու Հայաստան եւ այդպիսով ցեղասպանության հանցագործության անթույլատրելիության մասին հզոր ուղերձ հղելու աշխարհին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am