Թեեւ ցեղասպանության ճանաչումն ու ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը կենսական խնդիրներ են Հայաստանի համար, մեր օրակարգը շատ ավելի լայն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 18-ին Երեւանում ընթացող «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողվի ընթացքում։ (ֆոտոռեպորտաժ)

«Դարեր շարունակ մեր ժողովուրդն անցել է փորձությունների միջով, որոնք չեն կարողացել կոտրել հայի վճռական կամքը՝ պահպանելու սեփական ինքնությունը, տնօրինելու սեփական ճակատագիրը եւ ի վերջո կերտելու անկախ պետականություն: Եվ մենք կարողացել ենք հասնել մեր նվիրական, երբեմն անգամ երազանք թվացող նպատակներին:

Չնայած մեր պետականության տարիներին մեզ բաժին հասած դժվարություններին՝ մենք կարողացել ենք կառուցել ժողովրդավարական եւ ազատ տնտեսական մոդել ունեցող պետություն: Պետականաշինության բարդ գործում մենք մենակ չենք եղել. մշտապես զգացել ենք բարեկամ երկրների աջակցությունը եւ դժվարին պահին մեր կողքին լինելու պատրաստակամությունը»,- ասել է Սարգսյանը:

«Մեր երկրի քաղաքական կարեւոր ձեռքբերումներից են, անկասկած, քաղաքացիական հասարակության ձեւավորումն ու զարգացումը, որը հատկապես վերջին տարիներին ակտիվություն է ցուցաբերում կառավարության տարբեր նախաձեռնությունների նկատմամբ: Հայաստանը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական քաղաքականության եւ մի շարք ոլորտներում իր բարեփոխումների եւ զարգացման ցուցանիշներով ոչ միայն չի զիջում, այլեւ մի շարք չափանիշներով զգալիորեն գերազանցում է տարածաշրջանի շատ երկրների:

Ազատ մամուլը եւս, որ համակողմանիորեն լուսաբանում եւ հասարակությանն է ներկայացնում երկրի ներքին եւ արտաքին իրավիճակը՝ իր ձեռքբերումներով եւ բացթողումներով, անկախության տարիների մեր կարեւոր նվաճումներից է: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա «Մամուլի ազատության ինդեքս 2015» զեկույցի, Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, առաջատար դիրքեր գրավելով ԱՊՀ երկրների շարքում եւ նույնիսկ առաջ անցնելով ԵՄ անդամ որոշ պետություններից : Ակնհայտ է, որ մեզ այդ ցուցանիշը չի բավարարում, բայց մենք փորձում ենք ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ, եւ եթե հինգ տարվա, երեք տարվա կտրվածքով մենք տեսնում ենք էական տարբերություն, այո, ինչ, որ տեղ սա գնահատում ենք»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով, ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքական ընդդիմությունը: «Ինքս մեծապես կարեւորում եմ կառուցողական ընդդիմության կայացումը եւ քաջ գիտակցում, որ այն ժողովրդավարության կայացման կարեւոր բաղադրիչ է:

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործընթացներում, որոնք նպատակաուղղված են արդյունավետ, հաշվետու եւ թափանցիկ կառավարման հաստատմանը:

Այս համատեքստում կարեւորում ենք նաեւ սահմանադրական բարեփոխումները, որոնք մենք նախաձեռնել ենք Հայաստանում: Դրանք նպատակ ունեն կատարելագործելու իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը, ապահովելու իշխանությունների լիարժեք հավասարակշռումը, բարձրացնելու կառավարման արդյունավետությունը: Այժմ մենք գտնվում ենք բարեփոխված սահմանադրության տեքստի մշակման փուլում, որն ընթանում է առավելագույն թափանցիկության եւ բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու սկզբունքներով:

Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավար հասարակություն եւ երկիր կառուցելը շարունակական գործընթաց է, եւ պատրաստակամ ենք հետեւողականորեն ներդնել մեր ջանքերն այդ նպատակին»,- արձանագրել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am