ԵՏՄ անդամակցությունը լուրջ հեռանկարներ է բացում Հայաստանի զարգացման համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 18-ին Երեւանում ընթացող «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովի ընթացքում։ (ֆոտոռեպորտաժ)
«Մեր քաղաքական համագործակցության մակարդակը նպաստավոր պայմաններ է ապահովել երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման համար, որի խթանմանն ուղղված իրավապայմանագրային բազայի զարգացման գործում նշանակալի ձեռքբերումներ ենք արձանագրել»,- նշել է նա:
«2015թ. հունվարից մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից եղել եւ շարունակում է մնալ տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցությունը: 21-րդ դարում փոքր պետությունների համար համաշխարհային տնտեսության ներկայիս միտումներին հետեւելու եւ այդ տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար կարեւոր դերակատարություն է վերապահված տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներին»,- նկատել է նախագահը:
«Այս տեսանկյունից, հաշվի առնելով մեր երկրի տնտեսության ներկայիս կառուցվածքը, արտահանման աշխարհագրությունը, ԵՏՄ անդամ-պետությունների հետ ունեցած տնտեսական կապերը, ԵՏՄ անդամակցությունը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար: Ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժն առանց մաքսային խոչընդոտների էական հնարավորություններ է ընձեռում մեր գործարար շրջանակներին նորանոր շուկաներ բացահայտելու եւ այնտեղ իրենց դիրքերն ամրապնդելու համար: Այս ամենը բնականաբար կնպաստի ՀՀ-ում նոր աշխատատեղերի բացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների աճին եւ առհասարակ, մեր տնտեսության զարգացմանը»,- ասել է Սարգսյանը:





























