Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցվել է տարբեր համակարգերի փոխլրացման, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների շահերի համադրման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 18-ին Երեւանում ընթացող «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողվի ընթացքում։ (ֆոտոռեպորտաժ)
«Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն միաժամանակ ակտիվորեն զարգացրել է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով իր նպաստը բերելով միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը: Մեր երկիրը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացրել եւ զարգացնում ՌԴ-ի հետ: Հայ-ռուսական դաշնակցային միջպետական հարաբերությունները խարսխվում են մեր ժողովուրդների պատմական սերտ առնչությունների վրա: ՌԴ-ի հետ սերտ փոխգործակցությունը մեր անվտանգության, տնտեսական զարգացման եւ կայունության կարեւոր բաղադրիչներից է: ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է, 2014թ. մեր առեւտրաշրջանառությունը կազմել է $1,4 մլրդ-ից ավելի, Հայաստանում ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություններ են գործում, իսկ ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ գերազանցել են $3 մլրդ-ը»,- նշել է Սարգսյանը:
«Ես վստահ եմ, որ դահլիճում նստած շատ-շատերի համար այս թվերը փոքր եւ ծիծաղելի են երեւում, բայց հավատացեք, որ Հայաստանի նման փոքր պետության եւ փոքր տնտեսության համար այս թվերը չափազանց կարեւոր են: Ռուսաստանի հետ համագործակցում ենք տարբեր ոլորտներում՝ էներգետիկ, ենթակառուցվածքային, արդյունաբերական եւ այլն: ՌԴ-ում ոչ պաշտոնական տվյալներով մոտ 2 մլն հայ է բնակվում: ՌԴ հետ շարունակական փոխգործակցության զարգացումն ընթանում է նաեւ միջազգային կազմակերպությունների՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Մեծապես կարեւորում ենք ՌԴ-ի ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը»:
«Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է նաեւ ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության, Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը:
Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում: Ներկայիս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության եւ այլն, որոնց շրջանակներում տարեցտարի մենք նոր ձեռքբերումներ ենք արձանագրում:
Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ մեր գործընկերությունն այժմ գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաեւ վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները»,- ասել է նախագահը:
«Բարձր ենք գնահատում ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը՝ միտված մեր պետականության ամրապնդմանը:
Մեծապես կարեւորում ենք նաեւ ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման գործում, հատկապես՝ նրա ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Հայաստանը մեծապես շահագրգռված է հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության շարունակական զարգացմամբ: Մենք արժեւորում ենք այն ձեռքբերումները, որոնցով անցած երկու տասնամյակներում նշանավորվել են մեր միջպետական հարաբերությունները, եւ որոնք ներառում են քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական համագործակցության կանոնավոր զարգացում, աջակցության ծրագրերի արդյունավետ իրականացում:
Հետեւողական ու համատեղ ջանքերի արդյունքում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները հասել են շատ կարեւոր հանգրվանի՝ առանձնաշնորհյալ մակարդակի: Անգնահատելի է Ֆրանսիայի՝ ամենաբարձր մակարդակով դերակատարումը Հայոց ցեղասպանության դատապարտման եւ միջազգային ճանաչման գործում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում նրա դերը:
Անշուշտ, մեր երկրի կարեւոր առաջնահերթություններից է հարեւան երկրների՝ մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ ավանդական բարեկամական գործընկերության խորացումն ու ընդլայնումը:
Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական փոխշահավետ եւ բազմաբնույթ համագործակցությունը, որը պայմանավորված է պատմամշակութային ընդհանրություններով, փոխադարձ տնտեսական շահերով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:
Հայ-իրանական հարաբերություններն ամենատարբեր բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում նաեւ քաղաքական ակտիվ շփումներն ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միտված համատեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Ուշադրությամբ հետեւում ենք Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության եւ վեցյակի միջեւ ընթացող բանակցություններին: Մենք ցանկանում ենք, որ խնդրի լուծումը գտնվի հնարավորինս մոտ ժամանակներում՝ ընդունելի բոլոր կողմերի համար: Լիահույս ենք, որ խնդրի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները կհանգեցնեն հարցի համապարփակ կարգավորմանը:
Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ վերջին տարիներին տեսանելիորեն աշխուժացել են հայ-վրացական բարձր մակարդակի շփումները: Ավանդական բարեկամության, հարեւանության եւ մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Արդյունքում մենք ձեռք ենք բերում երկկողմ օրակարգի արդիական հարցերի օպերատիվ կարգավորման արդյունավետ մեխանիզմներ:
Մշտապես կարեւորում ենք Վրաստանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլեւ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման եւ պահպանման գործում»,- շեշտել է Սարգսյանը:





























