ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է «Մա Պլազա» ժամանցային համալիրի տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել են «Մա Պլազա» ժամանցային համալիրի տնօրեն Մկրտիչ Խաչատրյանի մահվան հանգամանքները, նրան մարմնական վնասվածքներ պատճառած անձանց ինքնությունը:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ա.Քարհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանի համաձայն, 2012 թվականի սեպտեմբերի 13-ին գտնվել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի տրամադրության ներքո: Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, նա մի քանի անձանց հետ գտնվել է Աբովյան քաղաքում գտնվող «Մա Պլազա» ժամանցային համալիրի դիմաց եւ իրենց հայհոյելու պատճառով վիճաբանել ժամանցային համալիրի տնօրեն Մկրտիչ Խաչատրյանի հետ։

Քննությամբ պարզվել է, որ վիճաբանության երկու մասնակից՝ Ա.Քարհանյանը եւ Վ.Գրիգորյանը ձեռքերով եւ ոտքերով մի քանի անգամ հարվածել են Մ.Խաչատրյանի մարմնի տարբեր մասերին եւ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Այնուհետեւ Ա.Քարհանյանը ոտքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին, որի հետեւանքով Մ.Խաչատրյանը մարմնի հետին մակերեսով ընկել է գետնին եւ ստացել գանգի թաղի ոսկրերի կոտրվածք։ Մ.Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ եւ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ին, ստացած գանգուղեղային տրավմայից մահացել է:

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաեւ՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ: Եզրակացությամբ փաստվել է, որ Մկրտիչ Խաչատրյանի մահվան հետ ուղղակի պատճառական կապի մեջ է գտնվել գլխի ծոծրակային շրջանում ստացված մարմնական վնասվածքը, որը նա ստացել է վայր ընկնելու հետեւանքով։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Ա.Քարհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 109-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: