Նորվեգական Verdens Gang թերթը ծավալուն հոդված է տպագրել Հայոց ցեղասպանության մասին, որտեղ խոսվում է թե ցեղասպանության պատճառների, թե Նորվեգիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու հարցում պաշտոնական դիրքորոշումից:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Հարյուր տարի առաջ, ներկայիս Թուրքայում մեկ միլիոնից ավելի հայեր են սպանվել: Քսաներկու երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց Նորվերգիան` ոչ:

Վարչապետ Էրնա Սուլբերգը հրավիրվել է ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը, սակայն ո՛չ նա կմասնակցի, եւ ո՛չ էլ նախարարները: Փորձագետները խիստ քննադատում են նորվեգական կառավարության որոշումը, այն համարելով թույլ եւ վախկոտ:

«Նորվեգիան չի ցանկանում բարկացնել Թուրքիային: Այսպես է Նորվեգիան հոգում իր շահերի մասին: Սաուդիան Արաբիայի եւ Չինաստանի հետ հարաբերություներում էլ նույն ձեւով է հանդես գալիս»,- ասում է պատմաբան Բորդ Լարսենը: «Հայոց ցեղասպանությունը» եզրույթն օգտագործվում է 1915-1920 թվականներին Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից հայերի նկատմամբ իրականացված զանգավածային կոտորածների եւ բռնագաղթի վերաբերյալ:

Թուրքիան մինչ այժմ էլ ժխտում է ցեղասպանությունը

Անցյալ տարի հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր էր ուղարկել Նորվերգիայի վարչապետ Էրնա Սուլբերգին` 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված արարողությանը:Սույն հրավերի հետ միաժամանակ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը վարչապետի գրասենյակ է ուղարկել հետեւյալ նամակը.

«Հայտնի է, որ միջազգային անհամաձայնություն կա 1915 թվականին Օսմանյան կայսրությանում իրականցաված ոճրագործությունները դասակարգելու որպես ցեղասպանություն: Նախարարությունը Նորվեգիայի մասնակցության մասին իր կարծիքն ավելի ուշ կներկայացնի»:

Փետրվարի 16-ին Նորվեգիայի ԱԳՆ-ն նամակ է ուղարկել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանին` նրան ներկայացնելով ՀՀ նախագահի հրավերը. «Նորվեգիայի դեսպանությանը խնդրվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնել, որ միջոցառմանը Նորվեգիան կներկայացնի դեսպան Նամտվեդտը: Վերը նշվածը համաձայնեցված է վարչապետի գրասենյակի հետ»:

Հետեւաբար, Նորվեգիան չի ներկայացնի ո՛չ վարչապետը, ո՛չ արտաքին գործերի նախարարը, ո՛չ նախարարներից որեւէ մեկը, եւ ո՛չ էլ պետքարտուղարը` 1,5 միլիոն սպանված հայերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Միայն դեսպանը կմասնակցի

Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ միայն Մոսկվայում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեյդուլվ Նամտվեդտն է ներկայացնելու Նորվեգիան: Նա նաեւ Հայաստանում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Միաժամանակ Նորվեգիան չի ցանկանում օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը զանգվածային կոտորածների վերաբերյալ:

«Սա մեր պատմության ամենամեծ ուղբերգություններից մեկն է, անվանել այն ցեղասպանություն թե՝ ոչ: Նորվեգիան պետք է ավելի ծանրակշիռ մասնակցություն ապահովեր, քան դեսպանի մասնակցությունը: Մնացածը շատ աննշան քայլ է Նորվեգայի կառավության կողմից, որը ես նույնիսկ կցանկանամ անվանել` վախկոտ»,- ասում է հեղինակը, խոսքի ազատության ակտիվիստ եւ թուրքագետ Յուջին Շուլգինը:

«Տարօրինակ է, որ ավելի բարձրաստիճան պաշտոնայաով Նորվեգիան չի Ներկայանում»,- ասում է լրագրող, գրող եւ NRK-ի վետերան (փորձագետ) Յան Օտտո Յոհանսենը, ով վերջերս գրել է Հայերի ցեղասպանության մասին գիրքը:

«Սա արվում է ելնելով մեր երկրի շահերից եւ հաստատում, որ Նորվեգիան անում է այն, ինչ մշտապես արել է. չի ցանկանում բարկացնել Թուրքիային»,- նշել է պատմաբան Բորդ Լարսենը՝ հավելելով, որ Նորվերգիայի որոշումը կապված է «ռեալ պոլիտիկի» հետ:

«Սա քաղաքական մեծ խաղ է, որտեղ կողմերը իրենց շահերն են պաշտպանում: Նորվեգիայի եւ այլ երկների միջեւ եղած տարբերությունն այն է, որ Նորվեգիան քողարկում է իր շահերը, «ցինիկ» կերպով չերեւալու համար,-ասում է նա:

«Բավական է միայն նայել հետեւյալ երկու օրինակներին: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունը, երբ Նորվեգիայի թագաժառանգը մեկնում է մասնակցելու թագավոր Աբդուլայի հուղարկավարությանը: Մենք զբաղվում ենք մեծ քանակությամբ զենքի արտահանմամբ եւ միեւնույն ժամանակ Նորվեգիան նրանց կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքեր տանել:

Նույն էլ տեղի է ունենում, երբ Դալայ-Լաման ժամանում է Նորվեգիա: Այս երկուսը վառ օրինակներ են: Սա մի բան է, որ բնորոշում է ներկայիս կառավարությանը, դա Նորվեգիայի վարած արտաքին քաղաքականությանն է»,- ասում է Բորդ Լարսենը:

Քսաներկու երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որոնց մեջ են` Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Իտալիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Շվեյցարիան:

«Զարմանալի է, որ այս առիթը չի օգտագործվում ընդունելու այս ողբերգությունը որպես ցեղասպանություն»,- ասում է նորվեգական ՓԵՆ (PEN) ասոցիացիայի նախագահ Վիլյամ Նիգորդը:

« Ես հետեւյալ հարցն եմ տալիս. արդյոք պատճառը ֆինանսական հիմնավորում ունի, եթե այդպես է, ուրեմն սա կրկնակի ողբերգություն է, - ասում է  նա:

Յան Օտտո Յոհանսենը համարում է, որ հայերի հետ տեղի ունեցածը նորագույն ժամանակների առաջին ցեղասպանությունն էր եւ այն ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում եւ Իրաքում` վերջինը:

Սկզբունքային գնահատական

Սա Նորվեգիայի պաշտոնական դիրքորոշումն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ :

Նորվեգական կառավարությունը դիրքորոշում չունի, որ տեղի ունեցածը համապատասխանում է այն չափանիշներին, որպեսզի կատարվածը դասակարգվի որպես ցեղասպանություն: Այս ողբերգական իրադարձությունների  մեկնաբանությունները հարկավոր է թողնել պատմաբաններին, քան՝ քաղաքական գործիչներին:

«Ցեղասպանություն» եզրույթն ամրագրված է 1948 թվականի ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվեցիայում: Սկզբունքորեն խնդրահարույց է եզրույթն օգործածել այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչ կոնվեցիայի ընդունումը:

«Սա հատուկ պատճառաբանություն է: Եթե այս տրամաբանությանը հետեւենք, ապա հոլոքոսթն էլ՝ ցեղասպանություն չէ: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա դատարկ պատճառաբանություն է»,- ասում է Բորդ Լարսենը եւ ավելացնում. «Այն տեսակետը, թե սա միայն պատմական եւ տեսական խնդիր է, պարզապես սխալ է: Նրանք, ովքեր հետեւել են վերջին տարիների քննարկումներին, նկատել են, որ այս հարցը հզոր միջազգային քաղաքական հետաքրքրություն ունի: Նորվեգիայի նման դիրքորոշումը նրան մասնակից է դարձնում պատմությունը խեղաթյուրելու գործին:

«Նրանք, ովքեր ձեւապաշտ են եւ ասում են, որ չի կարելի ցեղասպանություն տերմինն օգտագործել հայերի, գնչուների կամ հրեաների հետ կատարվածի նկատմամբ, իրականում նրանք ոչինչ չեն հասկացել, թե այս ամենն ինչի մասին է: Սա փորձ է Նորվեգական հանրության կարծիքը ձեւականությունների մեջ պարուրելու ուղղությամբ, մինչդեռ իրականությունը Թուրքիայի հետ ունեցած կարծր տնտեսական շահերն են»,- ասում է Օտտո Յոհանսենը: Նա ենթադրում է, որ Նորվեգիայի շահերն Ադերբեջանի հետ, որը Հայաստանի գլխավոր թշնամին է, նույնպես պատճառ են հանդիսանում Նորվեգիայի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի հարցում:

Կրագերո քաղաքի քաղաքապետ Կորե Փրեբեն Հեգլանդն ընդունել է Հայաստանի մայրաքաղաք Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը մասնակցելու հրավերը: Կրագերոյում ապրած Բոդիլ Բյորնը վկա է եղել տեղի ունեցած իրադարձություններին, եւ այդ պատճառով էլ Կրագերոյի եւ Հայաստանի միջեւ հատուկ հարաբերություններ են հաստատվել:

«Մենք բազմիցս դիմել ենք կառավարություններին եւ Խորհրդարանին ճանաչելու  Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանք չեն ցանկացել անդրադառնալ այդ հարցին: Սա Նորվեգիայի կողմից ցուցաբերած բավականին վախկոտ վերաբերմունք է,- ասում է Հեգլանդը:

«Այս ամենը քաղաքական բնույթ ունի. Այն որ դա ցեղասպանություն է եղել հետազոտողների համար վիճահարույց հարց չէ: Սա պատմության մեջ ամենահաջողված կերպով իրականացված ցեղասպանությունն է,- ասում է  պատմաբան Բորդ Լարսենը:

Ստորեւ նշվում է կարավարության պատասխանները.

Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում կայանալիք զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Մոսկվայում Նորվեգիայի դեսպան Լեյդուլվ Նամտվեդտն է ներկայացնում Նորվեգիան:

Ընդունված է, երբ դեսպաններն են ներկայացնում իրենց երկրները արտասահմանում տեղի ունեցող տարբեր միջոցառումների ժամանակ: Նորվեգիան էլ շատ երկրների նման որոշել է ուղարկել իր դեսպանին Երեւանում կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու համար: Դեսպանը Նորվեգիայի պաշտոնական ներկայացուցիչն է եւ նա մեր կառավարությունն է ներկայացնում,- ասում է պետքարտուղար Բորդ Գլադ Պետերսենը (Հ):

Ինչու՞ մեր կառավարությունը չի ցանկանում մի շարք արեւմտյան երկրների օրինակին հետեւել եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ոչ մի կասկած չկա, որ 1915 թվականին հայերը լայնածավալ բռնությունների են ենթարկվել Օսմանյան կայսրությունում: Սա պատմական ողբերգություն է: Այս կառավարությունն էլ նախորդ կառավարության նման ոչ մի դիրքորոշում չունի այն հարցում, թե արդյո՞ք իրադարձությունները համապատասխանում են այն չափանիշներին, որպեսզի կատարվածը դասակարգվի որպես ցեղասպանություն: Այդ իրադարձությունների մեկնաբանումը հարկավոր է թողնել պատմաբաններին, քան՝  թե քաղաքական գործիչներին:

Պատմաբան Բորդ Լարսենը կարծում է, որ կառավարությունն ինքն իրեն մասնակից է դարձնում «պատմության խեղաթյուրմանը» եւ ասում, որ եթե հետեւենք կառավարության տրամաբանությանը, ապա Հոլոքոսթն էլ չի կարելի ցեղասպանություն անվանել:

«Ցեղասպանություն» եզրույթն ամրագրված է 1948 թվականի ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիայում: Խնդիրը սկզբունքորեն կայանում է նրանում, երբ տերմինը գործածվում է այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչեւ կոնվենցիայի ընդունումը: Հոլոքոսթը հատուկ դեպք է: Ցեղասպանության իրավական սահմանումը ընդունվել է Հոլոքոսթից հետո եւ օգտագործվել Նյուրենբերգյան դատական պրոցեսների ընթացքում: Դրանից հետո տերմինը հետագա զարգացում ստացավ մինչ 1948 թվականի կոնվենցիայի ընդունումը:

VG թերթի վերջին երեք հարցերին Գլադ Պետերսենը նույն պատասխանը տվեց.

Արդյոք վտանգի՞ է ենթարկվում Թուրքիայի հետ ունեցած քաղաքական հարաբերությունները Հայոց ցեղասպանությունն ընդունելու հարցում:

Արդյո՞ք Նորվեգիայի տնտեսական շահերը Թուրքիայի եւ, կամ Ադերբեջանի հետ պատճառ են հանդիսանում, որ կառավարությունը չի ցանկանում դիրքորոշում ցուցաբերել «Ցեղասպանություն» տերմինի օգտագործման հարցում:

Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելն ինչ-որ ազդեցություն ունի՞ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Նորվեգիայի վերաբերմունքի վրա:

Այսօրվա ամենակարեւոր նպատակը պետք է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հաշտեցումը լինի: Սակայն կասկածելի է, որ միջազգային նոր հայտարարությունները, որոնք կապում են 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն սահմանման հետ, հաշտեցման հեռանկարը ավելի դյուրին կդարձնեն: