Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցել խմբակցության նիստին նպատակահարմարությունից ելնելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կիրակի օրը տեղի ունեցած խնջույին չմասնակցնելուն, պատգամավորն ասաց, որ դա քաղաքական միջոցառում չէ, հետեւաբար դրա հետ կապված հարցը տեղին չէ, արդիական չէ եւ որեւէ մեկին վերաբերող չէ: ԲՀԿ նախկին խոսնակն ասաց, որ խմբակցության նիստում տեղի ունեցածի, գործընկերների գործողությունների, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի, մյուս անդամների հանդեպ ունի խորը հարգանք, իրենց միջեւ կարող են լինել գործակցային հարաբերություններ հանուն ՀՀ-ում բնակվող քաղաքացիների կենսակերպի փոփոխության, հանուն երկրում առկա խնդիրների արծարծման եւ լուծման: Հարցին, թե հնարավոր է դուրս գաք ԲՀԿ-ից, Տիգրան Ուրիխանյանն այսպես պատասխանեց. «Խնդրում եմ տեղեկատվական բնույթի հետ հարցերի կապված պատասխանները տրվեն փաստացի գործողությունների միջոցով»:
Հիշեցնենք, որ կիրակի օրը ԲՀԿ-ականները հավաքվել են Աբովյանի «Լճեր» ռեստորանում, հավաքին հրավիրված են եղել ԲՀԿ անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Աբրահամ Մանուկյանը, ովքեր սակայն չեն մասնակցել: Հավաքին հրավիրված է եղել եւ մասնակցել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին: Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել էր ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից, ինչպես նաեւ վերջերս տեղեկություններ են տարածվել, որ նա նախաձեռնել է «Քաղաքացիական շտաբ» անունով կազմակերպության ստեղծմանը:Այսօր Տիգրան ՈՒրիխանյանը չի մասնակցել խմբակցության նիստին, որտեղ ընտրում էին ղեկավար եւ քարտուղար:




























