Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը եւ Իրանի իսլամական հանրապետության «Կրոնների և մշակույթի» կազմակերպությունը մարտի 3-ին և 4-ին Անթիլիասում տեղի ունեցած աստվածաբանական երկխոսության 6-րդ նիստի ժամանակ Հայոց ցեղասպանությունը դատապարտող համատեղ հայտարարություն են ընդունել: Այս մասին այսօր` մարտի 19-ին, լրագրողներին ասաց իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Մկրտչյանը:
«Երկխոսության ժամանակ անդրադարձ կատարվեց ցեղասպանության խնդրին, որտեղ նշվեց, որ Կիլիկիո կաթողիկոսությունը եւ Իրանի իսլամական հանրապետության «Կրոնների և մշակույթի» կազմակերպությունը համատեղ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև այն բոլոր ցեղասպանությունները, որոնք կատարվել են անհատների, խմբավորումների և պետությունների կողմից: Կարևոր է, որ այդ հայտարարության մեջ շեշտադրումը երեք ձևով տրվեց, քանի որ Հայոց ցեղասպանությունը իրականացվել է և կոնկրետ պետության կողմից, և մարդկանց, և խմբավորումների կողմից»,- ասաց իրանագետը:
Կարեն Մկրտչյանի խոսքով` Հայոց ցեղասպանությունը դատապարտող համատեղ հայտարարությունը դիվանագիտական կարևոր նշանակություն ունի, իրանական կողմը նման հայտարարություն ստորագրելով արտահայտեց իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նախաշեմին:
«Այս հայտարարության ստորագրումը քաղաքական ենթատեքստ կունենար, եթե Իրանի իշխանությունները հայկական կողմի հետ քաղաքական հայտարարություն անեին, սակայն սա միայն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի իսլամական հանրապետության համատեղ հայտարարությունն է»,- ասաց Կարեն Մկրտչյանը:




























