Ադրբեջանական կողմը վերջին 2-3 օրերին ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը շփման գծում: Այս մասին NEWS.am-ին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը, կրակոցները քանակական առումով աճել են: Մասնավորապես ակտիվորեն խախտում են արեւելյան եւ հյուսիսային ուղղություններով»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ այսօր՝ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հայկական կողմը եւս ունի կորուստներ՝ 3 զոհ, եւս 4 զինծառայող վիրավորվել է: