Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչն իր նստավայրից հանել է Իոսիպո Բրոզ Տիտոյի կիսանդրին եւ ավելի քան 100 իրեր, որոնք կապված են Հարավսլավիայի նախկին առաջնորդի հետ: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:

Իրերը փոխանցվել են Զագրեբի մոտակայքում գտնվող Տիտոյի հայրենի Զագորյեի թանգարանին: Ըստ «Ինտերֆաքս»-ի, Տիտոյի մարմարե կիսանդրին խորվաթ հայտնի քանդակագործ Անտուն Աուգուստինչիչի ստեղծագործությունն է:

Խորվաթիայի Պահպանողական կուսակցությունը ներկայացնող Գրաբար-Կիտարովիչը նախագահ է ընտրվել փետրվարին: Նրա որոշումը բուռն արձագանք է առաջացրել:

Մասնավորապես, ձախակենտրոն Ստիպե Մեսիչը, ով Խորվաթիան գլխավորել է 2000-2010 թվականներին, խիստ քննադատել է նորընտիր նախագահի քայլը՝ այն անվանելով «Խորվաթիայի աջ եւ նեոֆաշիստական ուժերին զիջում» եւ «Խորվաթիայի պատմության ամենավառ էջերից մեկը՝ հակաֆաշիստական պայքարի հիշատակը վերացնելու փորձ»: