«Թուրքիայի «այսինչ քաղաքում» ձերբակալվել են հայ մարմնավաճառներ, նրանք ներկայացվել են դատարան, հավանաբար նրանք կարտաքսվեն երկրից...նմանատիպ լուրեր վերջին օրերին հաղորդում են գրեթե բոլոր վրացական, իհարկե ադրբեջանական եւ, «տարօրինակորեն», հայկական լրատվական կայքերը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ արտերկրյա աշխատանքի մեկնած բոլոր հայ կանայք մարմնավաճառությամբ են զբաղված, ընդ որում` ինքնակամ: Անշուշտ կան հայուհիներ, որոնք հենց այս գործով են զբաղված «թուրքիաներում ու էմիրություններում», կան նաեւ այնպիսիք, որոնք ինքնակամ են դա անում, սակայն արդյոք միայն հայուհիները...մի՞թե որեւէ վրացուհի կամ ադրբեջանուհի` ստիպված կամ կամավոր, չի ընտրել «հնագույն մասնագիտությունը»»,-գրում է պարբերականը: «Նման լուրերի հաղորդումը ադրբեջանական կայքերից բնական է. այդ երկրում վաղուց արդեն անհամբեր սպասում են որեւէ «հայկական ամոթի», որպեսզի եւս մեկ անգամ ապացուցեն հայի տեսակի իրենց վարկածը:

Սակայն թե ինչո՞ւ հայկական կայքերը՝ մատուցելով «այդքան հաճելի» լուրերը, չեն փորձում ապացուցել, որ բազմաթիվ արտասահմանյան քաղաքներում, այդ թվում՝ թուրքական, մարմնավաճառությամբ են զբաղված մեծաթիվ վրացուհիներ ու ադրբեջանուհիներ: «Հասարակաց տներում նույն պատկերն է: «Գնանք» Թուրքիա եւ Արաբական Էմիրություննե՞ր, կարծում եք այնտեղ ադրբեջանուհի կամ վրացուհի, «շիկահեր ռուս» չե՞նք գտնի...հասկանալի է` այն էլ ինչքան: Մայր, կին, քույր, դուստր...կա՞ մի հայ ընտանիք, որտեղ այս ամենը սրբերի կատեգորիա չէ, կա՞ մի հայ բանաստեղծ, որը երբեւէ չի գրել նրանցից գոնե մեկի մասին, կա՞ մի հայկական խնջույք, որտեղ թամադան մոռանում է խմել նրանցից յուրաքանչյուրի կենացը...նույնն է նաեւ Ադրբեջանում ու Վրաստանում, անշուշտ: Մենքՙ ի տարբերություն «ոմանց», արդարության կողմնակիցն ենք: Թուրքական փողոցներում հայուհու կողքին կանգնած են նաեւ ադրբեջանուհին, վրացուհին, ռուսը եւ ուկրաինուհին, ու նրանց պակաս թվով չեն ձերբակալում, սակայն Վրաստանում ու Ադրբեջանում երեւի մոռացել են, որ Հայաստանում եւս «կանանց կենացը» սիրում են խմել...»,-եզրափակում է թերթի մեկնաբանը: