Նաիրիտցիների աշխատավարձերը ստանալու իրավունքը պաշտպանելու համար անհրաժեշտ է համապատասխան գրավոր դիմում ներկայացնել ՄԻՊ։ Այս մասին այսօր՝մարտի 19-ին, «Նաիրիտ» ՓԲԸ-ի 30 աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը, որը խոստացավ գրավոր դիմումի առկայության դեպքում այն անմիջապես ուղարկել համապատասխան մարմիններին։
«Հասկանում եմ, որ շատերիդ դուր չի գալիս այս պատասխանը, բայց այդպես է ողջ աշխարհում՝ բանավոր խոսքով հնարավոր չէ հարցեր լուծել, պետք է գրավոր դիմում ներկայացնել»,- հանդիպումից հետո նաիրիտցիներին ասաց «Նաիրիտ» ՓԲԸ արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը։
«Նաիրիտ» ՓԲԸ-ի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանի խոսքով՝ «Նաիրիտի» աշխատակիցների իրավունքներն ակնհայտորեն խախտվել են, սակայն այդ փաստի առթիվ ՄԻՊ-ը հայտարարություն չի կարող անել , քանի դեռ նրան գրավոր դիմում չի ներկայացվել։
«Մենք արդեն 4 ամիս է փողոցում ենք՝ կոնկրետ խախտված իրավունքով՝ մեզ ազատել են աշխատանքից եւ աշխատավարձ չեն վճարում։ Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է տեղի ունեցել, բայց այդ խախտման մասին մինչեւ դիմում չներկայացնենք, ՄԻ պաշտպանը դրանով զբաղվել չի կարող։ Մենք այդ դիմումն անպայման կներկայացնենք մոտակա օրերին», ասաց Անուշ Հարությունյանն՝ ավելացնելով, որ ՄԻՊ-ը միայն աշխատավարձերի մարման ժամանակացույցի մասով կարող է դիմել կառավարական պատկան մարմիններին եւ պահանջել հստակեցնել, թե ինչու իրենց ժամանակացույց չի ներկայացվում։
Նշենք, որ ՄԻՊ-ի գրասենյակից նաիրիտցիները երթով շարժվեցին դեպի կառավարություն, որտեղ էլ ավարտեցին իրենց բողոքի ակցիան։
Աշխատանքային հանձնաժողովի որոշմամբ՝ «Նաիրիտի» աշխատակիցները կհավաքվեն յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին։
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























