Եվրամիությունը բաց է Հայաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման համար։ Այս մասին Երեւանում Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ հայտարարել է Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարթինսը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի անհատական աջակցության ծրագրով ԵՄ-ն պլանավորում է մինչեւ 2017թ. հանրապետությանը 140-170 մլն եվրո հատկացնել։ «Դա ոչ թե վարկ է, այլ դրամաշնորհ։ Այդ իմաստով մեր օգնությունն ամենամեծն է։ Դա նշանակում է, որ մենք կարեւորում ենք Հայաստանի հետ մեր համագործակցությունը եւ մտադիր ենք պահպանել այն»,- հայտարարել է Մարթինսը։

Եվրամիությունը պատրաստ է ամրապնդել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, թեկուզ եւ այլ ձեւաչափով, քանի որ հաշվի առնելով Հայաստանի եվրասիական ինտեգրումը՝ Ազատ եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրը ԵՄ-ի հետ չի կարող ստորագրվել։