««Царь и бог» Սուրեն Խաչատրյանի «էրան», որնց երեւում է, շուտով կավարտվի»՝ գրում է թերթը՝ շարունակելով. «Հանրապետությունում «մոլեգնող» մարզպետափոխության «տերտերը» կհասնի նաեւ Սյունիքի մարզ, ուր Ս. Խաչատրյանը վերջին շրջանում պարտություն պարտության ետեւից է գրանցում՝ կորցնելով «ցարությունը» Կապանի, Ագարակի, «բոգությունը»՝ Գորիսի ու Սիսիանի վրա: Գերակա պատճառը նույնն է. ՀՀԿ-ն հանգամանալից ու մանրակրկիտ հաշվարկով գնում է ընտրությունների: Ճիշտ է, առերես Ս. Խաչատրյանը ցույց է տալիս, որ ինքը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի «մարդն» է առավել, քան էր երբեւէ, սակայն որոշ «անհանգիստ հուշեր» դեռ շրջում են հին Կյորեսի բակունցյան արվարձանների շվաքներում:
Վերջինը կապված է Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ. Ս.Խաչատրյանն այդ օրերին բավականին կոշտ մեմորանդում (մեղմ ասած) էր հռչակել ղարաբաղցիքի հաշվով, ինչն էլ, ըստ երեւույթին, քաղաքական խաղի եւ հաշվարկների մեջ չէր կարող «տեղավորվել», եւ դա այն դեպքում, երբ Ս. Սարգսյանն այդ ընտրություններից առաջ ընդունեց պարոն Սուրենին, ու «ընդունման» նկարից երեւում էր՝ առանձնապես շատ հիացած չէ նրանով, եւ դա ազդանշանում էր, որ ոչ թե Ս. Խաչատրյանն է քաղաքապետ ընտրում Գորիսում, այլ ՀՀԿ-ն, կամ էլ հասկացաք՝ ով»: Թերթը գրում է նաեւ, որ նոր մարզպետի թեկնածուների շարքում նշվում է երկու անուն՝ Հրանտ Բեգլարյան՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար, ծնունդով գորիսցի, եւ Վարդան Ավետիսյան՝ ՀՀ զինված ուժերի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ:




























