Երեւանում՝ Նկարիչների միությունում այսօր՝ մարտի 19-ին մեկնարկել է «Արեւավիշապ- 2015» գրաֆիկական հումորի երրորդ միջազգային փառատոնը, որն այսօր տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ցուցադրությունը կազմված է երեք բաժիններից` մրցութային, հետահայաց /պատմական բաժին, որտեղ ներկայացված են միջազգային պարբերականներում հրապարակված` 1915 թվականի դեպքերին առնչվող նկարներ, պաստառներ/, հրավիրված երգիծանկարիչների ցուցահանդես: Մրցութային աշխատանքներին կից ներկայացվում են նաեւ հեղինակային ինստալյացիաներ:

Փառատոնին ներկայացված են 47 երկրների 141 հեղինակների գործեր, փակումը տեղի կունենա ապրիլի 1-ին:

«Արեւավիշապ-2015» փառատոնի ժյուրին նախագահում է Սուքիաս Թորոսյանը /Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ/, ժյուրիի անդամներն են` Կարեն Աղամյանը /Հայաստանի նկարիչների միության նախագահ/, Պավել Ջանգիրովը /Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի անդամ/, Ռիբեր Հաննսոնը /Շվեդիա/, Վլադիմիր Կազանեւսկին /Ուկրաինա/, Վալենտին Դրուժինինը /Թուրքմենստան-Ռուսաստան/, Սարգիս Պաչաչին /Թուրքիա-Ֆրանսիա/, Պաոլո Դալպոնտեն /Իտալիա/:

Լուսանկարները՝ «Արմենպրեսի»: