Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը համոզված է, որ միջազգային հանրությունն արդեն տեղյակ է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակման մասին:
NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը նշեց, որ տարածված պաշտոնական տեղեկատվությունն ու դիվերսիայի վերաբերյալ պատկան մարմինների մեկնաբանությունները նաեւ միջազգային կառույցների համար են:
«Համոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը գիտեն կատարվածի մասին: Դեռեւս արձագանք չկա, բայց կարծում եմ՝ նրանք կդատապարտեն Ադրբեջանի քայլը»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հայկական կողմը եւս ունի կորուստներ՝ 3 զոհ, եւս 4 զինծառայող վիրավորվել է:




























