Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է մարտի 19-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղաբարաղ - Ադրբեջան շփման գծի ուղղությամբ դիվերսիոն ներխուժման փորձերը, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություն է հայտնում զոհված զինվորների ընտանիքներին եւ ծառայակիցներին: Այս մասին ասվում է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։

«Բաքուն հերթական անգամ իր բացահայտ արհամարհանքն է ցուցադրում միջազգային հանրության հորդորներին` ձեռնպահ մնալու իրավիճակը սրող քայլերից եւ հայտարարություններից։

Ակնհայտ է, որ այս արկածախնդիր վարքագիծը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար։

Սադրիչ գործողությունների հետեւանքով սրված իրավիճակի անմիջական պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»,- նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հայկական կողմը եւս ունի կորուստներ՝ 3 զոհ, եւս 4 զինծառայող վիրավորվել է: