Եվրամիությունը երկար տատանումներից հետո կարծես թե որոշել է նոր հարաբերություններ մշակել այն երկրների հետ, որոնք վերջին պահին հրաժարվեցին Ասոցացման համաձայնագիր կնքել Եվրամիության հետ։ Այս դեպքում խոսքը միայն Հայաստանին է վերաբերում, քանի որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելուց հրաժարված մյուս երկիրը՝ Ուկրաինան Մայդանի հեղափոխությունից հետո, այնուամենայնիվ, ստորագրեց այդ համաձայնագիրը։
«Ազատությանը» տված հարցազրույցում Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը հաստատել է, որ այժմ ԵՄ-ն աշխատում է Հայաստանի համար նոր պայմանավորվածություններ մշակելու վրա։ Հայաստանի իշխանությունների հետ նոր քննարկումների ընթացքում Եվրամիությունը եզրակացություններ է արել, որոնց հիման ԵՄ-ից մանդատ ստանալու դեպքում կարող են Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել։ Հանձնակատարը հույս է հայտնում, որ դա կարող է տեղի ունենալ մայիսին կայանալիք Ռիգայի գագաթնաժողովում։
Եվրամիության հարեւանության նախկինում գործող քաղաքականության համաձայն, եթե տվյալ երկիրը համաձայնագիր է ստորագրում այլ միությունների հետ, ինչպես ասենք Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության հետ, ապա չի կարող Ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ։ Արդյոք Եվրամիությունը պատրաստվում է փոխե՞լ այս սկզբունքը, որը մեզ մոտ հայտնի է իբրեւ «կամ-կամ»-ի սկզբունք։ Արդյոք Եվրամիությունը կարո՞ղ է հնարավորություն տալ այլ միությունների հետ համաձայնագիր ստորագրած երկրներին նոր ձեւաչափով ասոցացվել, պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել Եվրամիության հետ։
Պատասխանելով այս հարցին, Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը ասաց, թե նման մարտահրավերի առջեւ իրենք առաջին անգամ հայտնվեցին Հայաստանում։ «Այդ պատճառով մենք քննարկումներ ենք անցկացրել եւ փորձել պարզել, թե փոփոխված այս պայմաններում ի՞նչ է հնարավոր անել եւ բացահայտել համագործակցության ոլորտներն ու խորության աստիճանը։ Եթե այս հարցում ստանանք նաեւ Եվրամիության երկրների աջակցությունը, ապա սա կարել է համարել ցուցիչ այն բանի, որ Եվրամիությունը, ի տարբերություն Ռուսաստանի, աշխարհը սեւ եւ սպիտակ գույներով չի դիտարկում»,- ասաց Հանը։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:





























