ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան մտադիր է «ջանքեր գործադրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար»: «Իմ թեկնածությունը հաստատվելու դեպքում, ես կներդնեմ բոլոր ջանքերը, որպեսզի օգնեմ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Բանակցություններն ու երկխոսությունն են խաղում առանցքային դեր այդ խնդրի լուծման եւ Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունություն հաստատման հարցում»,- հայտարարել է Բրայզան ԱՄՆ Սենատում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում իր թեկնածության քննարկումների ժամանակ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքը:

Նա հայտարարել է, որ ամեն տեսակի աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ նրա երկու գործընկերներին` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցում:

Լսումների ժամանակ Բրայզան նաեւ հայտարարել է, որ «Ադրբեջանը առաջարկել է իրեն՝ որպես ԱՄՆ հիմնական գործընկերներից մեկը»:

Հիշեցնենք, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն 7 էջանոց զեկույց է հրապարակել, որում մտահոգություն է հայտնել Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցում` նկատի ունենալով նրա ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշումները:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն հիշեցրել է. «Բրայզայի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում եղած ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների հարցով 2006 թվականի զեկույցում նշվել է, որ «Հայաստանը շարունակում է օկուպացնել ադրբեջանական ԼՂ տարածքները եւ շրջակա 7 ադրբեջանական շրջանները»:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն նաեւ նշել է, որ իր պաշտոնավարման տարիներին Բրայզան շրջափակել է գրեթե բոլոր շփումները ԱՄՆ-ի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Այսպես, 2008 թվականին ԱՄՆ սենատոր Բոքսերի ԼՂ այցելության մասին հարցին ի պատասխան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը պատասխանել էր. «ԱՄՆ պաշտոնատար անձիք կարող են այցելել Լեռնային Ղարաբաղ, ամերիկացի համանախագահի թույլտվությամբ»: