Ֆրանսերեն կրթական ռեսուրսները հասանելի կլինեն: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ֆրանսիական TV5 Monde ֆրանկոֆոն հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկիի միջեւ աշխատանքային հանդիպման ժամանակ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերենի ուսուցման խնդիրներին, ինչպես նաև քննարկվել են Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության անդամ երկրների նախարարների՝ առաջիկայում կայանալիք  համաժողովին  վերաբերող հարցեր:  TV5 Monde ֆրանկոֆոն հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկին նախարարին է ներկայացրել հեռուստաընկերության էլեկտրոնային կրթական ռեսուրսները, որոնք կարող են անվճար հասանելի լինել նաև հայ դպրոցականների համար: Նախարար Ա.Աշոտյանը շեշտել է, որ հայ-ֆրանսիական պատմամշակութային բարեկամությունն ու հոգևոր կապերն ամուր հիմքեր են ապահովում, որպեսզի ֆրանսերենը դառնա Հայաստանում լայն տարածում ունեցող  և ուսուցանվող օտար լեզուներից մեկը՝ միաժամանակ ընդգծելով, որ նման ռեսուրսների հասանելիության ապահովումը ևս կնպաստի  ֆրանսերենի հանրայնացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ֆրանսերենի դասավանդման ժամանակակից միջոցների և նորագույն տեխնոլոգիաներով  ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: