Beeline–ը, Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում Արմավիրի մարզում Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Արմավիր քաղաքի մշակույթի պալատում կայացած միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան՝ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։
Մարտի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մշակույթի պալատում կցուցադրվեն Բրիտանական ֆիլմերի փառատոնի 3 ֆիլմ: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Արմավիրում փառատոնի բացումը տեղի կունենա «Անտեսանելի կինը» ֆիլմով։
«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ մենք ոչ միայն նպաստում ենք լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում ենք երեխաներին ծանոթացնել այլ երկրների մշակույթին եւ համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։ Անչափ կարեւորում եմ այն համգամանքը, որ այս ֆիլմերը ցուցադրվում են նաեւ մարզերում։ Հայաստանի տարբեր շրջաններում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երեխաների եւ համոզված եմ, որ այս ֆիլմերի ցուցադրությունից հետո էլ ավելի կընդլայնվի նրանց մտահորիզոնը եւ կզարգանա ստեղծագործական որգին, իսկ Beeline–ը կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սա հրաշալի հնարավորություն է ծանոթանալու բրիտանական լավագույն ֆիլմերին: Հատկանշական է, որ ֆիլմերը ներկայացնում են մարդկանց կյանքն ու հույզերը, նրանց առօրյան ու ապրումները, այսպիսով` վերստեղծելով տաբերի դարերի, ինչպես նաեւ ժամանակակից Բրիտանիայի նկարագիրը», - ասաց Բրիտանական խորհրդի Արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երեւանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկ մարզերում՝ մարտի 5-ին։ Փառատոնի ընթացքում ցուցադրվել են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» եւ «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։ Երեւանյան եւ մինչ այսօր կայացած մարզային ցուցադրություններին մասնակցել են ավելի քան 7.500 հանդիսատես:
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը:




























