Պերմյակովի գործով բանաձեւը հաշվի չի առնում Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթները։ Այս մասին մարտի 20-ին կայացած խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած բանաձեւի փաթեթը, որը պահանջում է Պերմյակովին հանձնել հայկական կողմին։
Ջհանգիրյանը նշել է, որ, ըստ Ռուսաստանի հետ գործող համաձայնագրերի, եթե հանցագործության վայրից փախուստի դիմած եւ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարած Պերմյակովին ձերբակալեին Հայաստանի իրավապահ մարմինները, նա կլիներ հայկական կողմի իրավասության տակ։ Իսկ քանի որ նրան ձերբակալել են ռուս սահմանապահները, նա գտնվում է ՌԴ իրավապահների իրավասության ներքո։
«Իսկ նման նախագծերը եւ պահանջները մարդկանց մոլորության մեջ են գցում»,- հայտարարել է Ջհանգիրյանը, ինչին ի պատասխան՝ Փոստանջյանը պատասխանել է. «Մոլորության մեջ գցողը դուք եք»։
Ջհանգիրյանը հեգնանքով հավելել է. «Ես կքվեարկեմ, որպեսզի դու միայնակ չմնաս։ Այնպես որ հետս մի՛ վիճիր»։
«Իսկ ես չեմ վախենում միայնակ մնալուց»,- պատասխանել է Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։





























