Ղազախստանն ու Ադրբեջանը եղբայրական երկրներ են, որոնք նաեւ ռազմավարական դաշնակիցներ են, ինչն ամրագրված է մի շարք փաստաթղթերով։ Այս մասին մարտի 20-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ղազախստանցի քաղաքագետ Այդոս Սարըմը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է իրատեսական Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական եւ ռազմավարական դաշինքի ձեւավորումը։
Քաղաքագետի խոսքով՝ Ղազախստանին ու Ադրբեջանին միավորում են բազմաթիվ տնտեսական, քաղաքական եւ մշակութային նախագծեր։ «Ենթադրում եմ, որ ժամանակի ընթացքում նման համագործակցությունը կարող է դուրս գալ ռազմաքաղաքական համագործակցության մակարդակ։ Ծայրահեղ դեպքում նման միությունը մի քանի անգամ ավելի արդյունավետ եւ պատասխանատու կլինի, քան ասենք ՀԱՊԿ շրջանակներում մեր անցողիկ պարտավորությունները»,- ասել է Սարըմը՝ կարծիք հայտնելով, որ հեռավոր ապագայում թյուրքալեզու երկրները կստեղծեն սեփական ինտեգրացիոն նախագիծը։ «Իդեալապես դա կոնֆեդերացիա է։ Կարող եք ինձ իդեալիստ կամ ուտոպիստ համարել, սակայն հենց այդպես էլ կլինի։ Պարզապես դրա համար անհրաժեշտ է շատ աշխատել»,- եզրափակել է ղազախ քաղաքագետը։





























