Հայաստանի հետ համագործակցության օրակարգում առկա հարցերը Եվրամիության մոտ նույնն են, ինչ Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտարարել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սայադ Քարիմը (Մեծ Բրիտանիա, Պահպանողական կուսակցություն) Հաննձաժողովի երկօրյա նիստից հետո կայացած ամփոփիչ ասուլիսում։

«Մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ այլնի վերաբերյալ բազում հարցեր, որ քննարկվել են Հայաստանում, քննարկվել են նաեւ Ադրբեջանում»,- ասել է Քարիմը։

Անհրաժեշտ է կենտրոնանալ երկկողմ համագործակցության վրա, որը երկու կողմերը զգալիորեն առաջ են մղել վերջին երկու օրում, ասել է նա։

«Ի դեմս ԵՄ-ի դուք գործընկեր ունեք, որն ուզում է ձեռք-ձեռքի տալ Հայաստանի հետ, ներդնել ընդհանուր արժեքներում, օգնել Հայաստանին թափանցիկ, արդար եւ ժողովրդավարական համակարգի հասնելու։ Այն ամենը, ինչ մենք Եվրոպայում անվանում ենք եվրոպական արժեքներ։ Բայց իմ հայ գործընկերները հիշեցրին, եւ լիովին արդարացի, որ Հայաստանն էլ Եվրոպա է»,- ասել է նա։