Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կկարգավորվեն միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թուրքական Bianet գործակալության թղթակից Էլիֆ Աքգյուլը:

Որպես Թուրքիայի քաղաքացի, որը կյանքի մեծ մասն ապրել է այդ երկրում, Էլիֆը խոստովանեց, որ անցյալ տարվա Էրդողանի ելույթը, չնայած ժխտմանը, առաջընթաց մեծ քայլ էր Թուրքիայի պատմության մեջ: «Բայց դա, իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչում չէ»,- ընդգծեց երիտասարդ լրագրողուհին:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների վրա ադրբեջանական ազդեցության գործոնին, Էլիֆ Աքգյուլը նշեց. «Ասում են՝ «մենք ադրբեջանցիների հետ քույլ եւ եղբայր ենք, այդ պատճառով իրավունք ունենք միջամտել ղարաբաղյան հարցին»: Բայց գոյություն ունեն երկու երկրներ՝ Ադրբեջանն ու Հայաստանը, հետեւաբար՝ Թուրքիայի դիրքորոշումը պետք է կայանա չմիջամտելու մեջ»:

Ամեն դեպքում, Էլիֆը, փաստեց, որ ղարաբաղյան հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի, քանի որ թուրքական կառավարությունն ազգայնական է, եւ քեմալականությունը կամ նեոսմանականությունը թուրքական ինքնության զգալի մասն են կազմում: