Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ խոսում է Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենք վաճառելու փաստի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ էլ Արգենտինայում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իրենց մտահոգում է այդ փաստը։

Լրագրողների հարցին՝ արդյոք կապ կա մարտի 19-ին շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիայի եւ Սերժ Սարգսյանի քննադատական ելույթի միջեւ, Շարմազանովը պատասխանեց. «Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը նման լկտի գործողություններ է կատարում սահմանին։ Մեկ անգամ չէ, որ մենք նշել ենք՝ Հայոց Ցեղասպանությանն ընդառաջ Ադրբեջանը կսրի իրավիճակը սահմանին՝ այս կերպ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից։ Կապ չեմ տեսնում նախագահի ելույթի եւ վերջին սահմանային միջադեպի միջեւ։ Պարոն նախագահն առաջին անգամ չէ, որ խոսում է Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենք վաճառելու մասին։ Պարոն նախագահի կարծիքը եղել է ուղիղ եւ շիտակ։ Պետք չէ դավադրությունների տեսությանը հավատալ»։

ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ ԳՄ նիստի ժամանակ քննարկվել է սահմանային միջադեպը։ Կուսակցության անդամներն անթույլատրելի են համարել ուժի կիրառման, իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ։

Նշենք, որ մարտի 18-ին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում մեծ դեր է խաղում ռազմական համագործակցությունը։ «Այդ հարաբերություններում մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարբեր պատճառներով զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Խնդիրն այստեղ ոչ թե վաճառվող զինամթերքի որակն է, այլ այն հանգամանքը, որ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքով։ Սա խնդիր է, եւ այն պետք է լուծել»,- ասել է նախագահը։

Մեկ օր անց հակառակորդը շփման գծում դիվերսիա է իրականացրել. հայկական կողմն ունի երեք զոհ եւ չորս վիրավոր։ Ադրբեջանական զոհերի թիվն անցնում է 12-ը։