«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի փաստաբանության կարիքը չունի։ Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխանախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե իշխող կուսակցությունը ճնշումներ է գործադրել ԲՀԿ-ի վրա։
«Փաշինյանն ունի իր կարծիքը, մենք հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը։ Անձամբ ես ոչ ԲՀԿ նախկին առաջնորդից, ոչ էլ ԲՀԿ որեւէ անդամից լուրեր չեմ լսել ճնշումների մասին։ Կարծում եմ, որ ԲՀԿ-ն Փաշինյանի փաստաբանության կարիքը չունի»,- ասաց Շարմազանովը։
Ինչ վերաբերվում է տեղի ունեցած ԳՄ նիստին, կուսակցության մամուլի խոսնակը հայտնեց, որ քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի կատարած այցը Բրյուսել, եվրոպական չորս կառույցների՝ Հայոց Ցեղասպանության դատապարտումը, ինչպես նաեւ անցած հանգստյան օրերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները։





























