Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն ԱՄՆ-ին եւ Եվրամիությանն առաջարկել է ներել Ուկրաինայի 140 մլրդ գրիվեն արտաքին պարտքը։ Այս մասին հայտնում է 112.ua-ն։

«Այս տարվա բյուջեից մենք 140 մլրդ գրիվեն պետք է վճարենք արտաքին պարտքերի մարման համար։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից իրական օգնությունն այն կլինի, որ նրանք ներեն այդ պարտքը, որպեսզի 140 մլրդ գրիվենը կարողանանք ծախսել Կրեմատորսկի, Սլավյանսկի, Մարիուպոլի, Խարկովի, Կիեւի եւ Դոնեցկի (երբ որ ազատագրենք) գործարանների վերականգման նպատակով»,- հայտարարել է Լյաշկոն։

Պատգամավորի կարծիքով՝ այսօր Ուկրաինայի սոցիալ-տնտեսական իրավիճակի  կայունացումը իրենց գլխավոր խնդիրն է։

Լյաշկոն նման խնդրանքով հանդես էր եկել նաեւ այս տարվա փետրվարին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, որ Բարաք Օբամայի փոխարեն ինքն առանց տատանվելու Ուկրաինային առնվազն 100 մլրդ դոլար անհատույց ֆինանսական օգնություն կհատկացներ բարեփոխումների համար եւ կներեր Ուկրաինայի պարտքը, քանի որ ԱՄՆ-ի համար այդ գումարը մանրուք է։