ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում առաջիկայում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ:

Ապրիլին 22-23-ին կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որը կունենա շուրջ 500 մասնակից ողջ աշխարհից՝ քաղաքական, հասարակական, հոգեւոր գործիչներ, լրագրողներ, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրներ: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ շատ տպավորիչ կազմ է՝ լինելու են միջազգային կառույցների, պետությունների ներկայացուցիչներ: Ֆորումը հարթակ է հանդիսանալու՝ խոսելու ոչ միայն եւ ոչ այնքան Հայոց ցեղասպանության, այլեւ ցեղասպանությունների մասին առհասարակ:

ArmenianGenocide100.org-ի փոխանցմամբ, ապրիլի 23-ին տեղի է ունենալու Ցեղասպանության զոհերի սրբադասումը: Այդ օրը Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջեւ տեղի կունենա սրբադասման արարողությունը, ուղիղ հեռարձակմամբ կապ կհաստատվի աշխարհի խորոշագույն հայկական եկեղեցիների հետ, որտեղ եւս հավաքված կլինեն հայկական համայնքների ներկայացուցիչները: Այդ ծեսը կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, եւ Մայր աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ կհնչեցվի գուժկանը՝ եկեղեցական տագնապի 100 զանգերը միաժամանակ կխորհրդանշեն 100-րդ տարելիցը, որից հետո կազդարարվի լռության րոպե: Վ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ աշխարհի բազմաթիվ ոչ հայկական եկեղեցիներ եւս որոշել են միանալ այդ արարողությանը: Դրան կհետեւի տերունական աղոթքի ընթերցումը եւ Սուրբ-Սուրբ երգի կատարումը աշխարհի տարբեր ծայրերում, տաբեր երգչախմբերի կողմից:

Մեկ ժամ անց՝ 20.30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «SOAD» ռոք խմբի համերգը, որը բաց է հանրության համար: Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ խմբի անդամները երկար տարիներ միասնական համերգներ չէին տալիս, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին նրանք հավաքվեցին համաշխարհային շրջագայության համար: «Ընդ որում, նրանք ամբողջը կազմակերպում են ինքնուրույն, պետական հանձնաժողովր գումար չի հատկացնում: Ամբողջ համերգաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը»,- նշել է Վ. Սարգսյանը:

Ապրիլի 24-ի առավոտյան արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Այնուհետեւ տեղի կունենա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության հանդիսավոր վերաբացումը: Ընդ որում, ինչպես նշեց Սարգսյանը, առանց ճարտարապետական հորինվածքը փոփոխելու, թանգարանի ցուցադրական ու հետազոտական տարածքը մեծացել է երեք անգամ: «Հատուկ ուզում եմ շեշտել, որ ինչպես եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դեպքում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերազինումը եւս արվել է առանց պետական միջոցների ներգրավման՝ մասնավոր նվիրատվություններով եւ Փյունիկ հիմնադրամի աջակցությամբ:

Ապրիլի 24-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա Հավաքական սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Այդ համերգին կմասնակցեն գրեթե 70 երկրից ժամանող 140 երաժիշտներ: Նրանք հիմնականում Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ձեռք մեկնած, Ցեղասպանությունը ճանաչած երկրներից ժամանած երաժիշտներ են: Նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այնտեղ կլինեն պաշտոնական հրավիրյալներ, իսկ համերգը բաց կլինի հանրության համար: Այն կկայանա վերածննդի գաղափարի ներքո եւ այդ խորհուրդով էլ կսկսվի 20:15-ին:

Վիգեն Սարգսյանը ասել է, որ բազմաթիվ միջոցառումներ լինելու են նաեւ հետագայում: Այսպես, հունիսին Երեւանում տեղի կունենա Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության՝ 2 տարին մեկ անցկացվող հերթական համաժողովը, որին արդեն 300-ից ավել մասնակից է գրանցվել:

Պատասխանելով հիշատակի միջոցառումներին հրավիրվածների մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ հրավիրվել են այն պետություննյերի պատվիրակությունները, որոնց հետ ունենք Ցեղասպանության հետ կապված ընդհանուր պատմություն, կամ ջերմ բարեկամական հարաբերություններ, եւ շատ տպավորիչ արձագանքներ են ստացվել: «Մենք չենք հրապարակում պատվիրակությունների ղեկավարների անունները՝ ելնելով դիվանագիտական արարողակարգի նրբություններից: Դա սովորաբար թողնվում է ժամանող հյուրի հայեցողությանը, թե երբ եւ ինչպես հրապարակել այդ մասին տեղեկությունը: Գիտեք, որ արդեն եղել են հրապարակումներ, բայց պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ բավականին տպավորիչ կազմ է լինելու: Մեզ համար կարեւոր է, որ այստեղ լինեն մեր ձայնը լսող ու այն լսելի դարձնող մեր գործընկերները, ովքեր հասկանում են, թե ինչու է Ցեղասպանության տարելիցը այդքան կարեւոր ՀՀ եւ հայ ժողովրդի համար»,- ընդգծել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պաշտոնյան: