Համայնքների խոշորացման ծրագիրն այս կառավարության ամենամեծ սասանումն է դառնալու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Ընդհանուր առմամբ համայնքների խոշորացման մոտեցումները Հայաստանին անհրաժեշտ են: Եթե մենք ցանկանում ենք, որ տեղական ինքնակառավարումը Հայաստանում զարգանա, ապա վաղ թե ուշ պետք է հանգենք դրան: Խնդիրներ կան, եւ պետք է հասկանանք, որ տեղական ինքնակառավարումը նաեւ ծառայություն է, որը պետք է սպասարկի բնակիչներին: Շատ ժամանակ, 200-300 հոգանոց համայնքում դժվար է հրշեջ ծառայություն պահել, դժվար է ոստիկանության պատշաճ աշխատանք պահպանել եւ այլն: Բայց.. այստեղ մի մեծ բայց կա»,- նշեց Պողոսյանը:

Նրա խոսքով, այն մոտեցումը, որ որդեգրել է Հայաստանի կառավարությունը, որեւէ հավատ չի ներշնչում, թե այդ բարեփոխումները կարող են տեղի ունենալ: «Որովհետեւ իրականում չի գնում ոչ քննարկման փուլ, ոչ բնակչության իրազեկման փուլ: Կան շատուշատ խնդիրներ: Սկսած համայնքապետերից՝ վերջացրած բնակիչներով, դեմ են այս ամենին: Մինչեւ նրանք չգիտակցեն, չցանկանան, չի կարելի որեւէ կերպ այդ բարեփոխումները առարկայացնել: Մենք ունենք նաեւ շատուշատ օրենսդրական բացեր: Թեեւ օրենքը թույլ է տալիս տեղական հանրաքվեների անցկացումը, բայց չկան փաստաթղթերը,թե ինչ կարգով են անցկացվելու: Պետք է որոշվի, թե ինչ հարցեր են քննարկվելու, ինչը չկա»,- նշել է պատգամավորը: Նա նկատեց, որ պետք է լինի երկարատեւ ռազմավարություն՝ խնդիրները հասկանալու, քայլ առ քայլ գնալու համար:

Ամփոփելով իր կարծիքը՝ Թեւան Պողոսյանը նշեց. «Գաղափարը ճիշտ է, բայց ծրագիրը, որով կառավարությունը փորձում է շարժվել, հեռու է իրականությունից եւ ձախողվելու է: Ըստ իս դա դառնալու է այս կառավարության ամենամեծ սասանումը: Դառնալու է հերթական քարը, որ կառավարությունը գցելու է իր ոտքին»:

Նշենք, որ Կառավարության նիստում որոշում է կայացվել մայիսի 17-ին անցկացնել հանրաքվե մի քանի համայնքների՝ Դիլիջանի, Թումանյանի եւ Տաթեւի խոշորացման համար: Այսպես նախատեսվում է Թումանյան համայնքի խոշորացման արդյունքում միավորել Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները, բնակչությունը կլինի մոտ 4597 , կենտրոնը՝ Թումանյանը: Տաթեւ համայնքի խոշորացման արդյունքում միավորվում են Տաթեւը, Հալիձորը, Հարժիսը, Շինուհայրը, Սվարանցը, Խոտը, Տանձատափը, Քասունին, բնակչությունը՝ 5960, կենտրոնը կլինի Շինուհայրը, քանի որ այդտեղ ենթակառուցվածքները եւ բնակչությունը շատ է: Դիլիջան համայնքի միավորման արդյունքում կմիավորվեն Դիլիջանը, Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը, բնակչությունը 25576 կլինի, կենտրոնը՝ Դիլիջան: