Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ եւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ մարտի 21-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի  հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը:

Միջոցառման գլխավոր նվագարանը ջութակն էր, իսկ կատարողները՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային երաժշտության ամբիոնի վարիչ Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի 3-րդ կուրսի բակալավր Ստելլա Մկրտչյանը եւ առաջին կուրսի մագիստրանտ Մարիաննա Կիրակոզովան:

Դասական երաժշտության համերգը իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, լարային երաժշտության մասնագետներ եւ գնահատողներ:

Երիտասարդ ջութակահարուհիներ Մարիաննա Կիրակոզովան եւ Ստելլա Մկրտչյանը, դաշնակահարուհի Թեոնա Միքելաձեի նվագակցությամբ կատարել են Մոցարտի, Պագանինիի, Բախի, Բեթհովենի, Վեյավսկու, Խաչատրյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Իրենց ելույթներում Վրաստանի Հայերի միության ղեկավարը եւ Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր են գնահատել երիտասարդ ջութակահարների վարպետ կատարումները եւ երախտիքի խոսքեր ուղղել Մաեստրոյին՝ դասական երաժշտության գեղեցիկ համերգով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:

Բանախոսները մեկ անգամ կրկին հավաստել են, որ մազապուրծ փրվածների սերունդները վերածնունդ են ապրում, հարատեւող հայոց ազգը հիշում է իր զոհերին եւ դատապարտում Ցեղասպանության ցանկացած դրսեւորում:

Վիրահայոց թեմում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին միջոցառումները շարունակվելու են: