Համայնքների խոշորացումը միտված է ֆինանսական միջոցների կենտրոնացմանն ու հավասարաչափ բախշմանը: Այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ գյուղերի կառուցվածքում որեւէ փոփոխություն չի սպասվում:

«Հատկապես գյուղական համայնքներում լուրջ փոփոխություններ պետք է արվեն: Իհարկե, 1990-ական թվականներին մարզպետարանների ստեղծումը տնտեսական, քաղաքական առումով դրական էր, սակայն ոչ այսօր: Օրինակ, Արարատի մարզում 100-ից ավելի գյուղ կա, մարզպետն ի վիճակի չէ գոնե տարին մեկ անգամ այցելել այդ գյուղերը: Հետեւաբար, համայնքները պետք է մեծանան»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, սակայն, համակարծիք չէ. նա համոզված է, որ այս ամենն ընդամենը գումարի անիմաստ վատնում է:

«Հենց օրինակ հանրաքվե անցկացնելը: Այդ հանրաքվեն իրավական ոչ մի ուժ չի ունենալու, բայց 45 մլն դրամ են ծախսում, ինչի՞, չեմ հասկանում: Այդ գումարով կարելի է մարդկանց օգնել, գյուղերի համար տրակտոր գնել: Հերթական անգամ մենք անիմաստ գումար ենք վատնում: Նույնը եղավ, երբ Մոզամբիկից մասնագետ հրավիրեցինք, որ մեզ սովորեցնի ծիրան աճեցնի: Նույն բանն է, տարբերություն չկա: Խոչորացնում ես համայնքները, խոշորացրու, բայց առանց էդ փողը ծախսելու: Իմաստը չեմ հասկանում, երեւի թե որ ընտրությունների ժամանակ ոչ թե 800 հոգու հետ աշխատեն, այլ 100-150-ի»,- նշեց Լյովա Խաչատրյանը:

Նշենք, որ կառավարության նիստում որոշում է կայացվել մայիսի 17-ին անցկացնել հանրաքվե մի քանի համայնքների՝ Դիլիջանի, Թումանյանի եւ Տաթեւի խոշորացման համար: Այսպես նախատեսվում է Թումանյան համայնքի խոշորացման արդյունքում միավորել Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները, բնակչությունը կլինի մոտ 4597 , կենտրոնը՝ Թումանյանը: Տաթեւ համայնքի խոշորացման արդյունքում միավորվում են Տաթեւը, Հալիձորը, Հարժիսը, Շինուհայրը, Սվարանցը, Խոտը, Տանձատափը, Քասունին, բնակչությունը՝ 5960, կենտրոնը կլինի Շինուհայրը, քանի որ այդտեղ ենթակառուցվածքները եւ բնակչությունը շատ է: Դիլիջան համայնքի միավորման արդյունքում կմիավորվեն Դիլիջանը, Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը, բնակչությունը 25576 կլինի, կենտրոնը՝ Դիլիջան: