Մարտի 19-ին Նորվեգական «Վերդենս գանգ» (VG) թերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետ կապված որոշ հարցերի՝ հրապարակելով «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենի «Չի կարող լինել հաշտեցում առանց զիջումների» վերնագրով հոդվածը:
Հոդվածում հեղինակը նշում է, որ Նորվեգիայի գործող վարչապետ Էռնա Սուլբերգի կառավարության դիրքորոշումը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է նորվեգական նախկին կառավարությունների դիրքորոշումներին։ Այնուամենայնիվ, կարեւոր է այն հարցը, թե ինչու է Նորվեգիայի պաշտոնական քաղաքականությունը միշտ եղել այդպիսին եւ ինչպես է դա արդարացվում։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գլադ Փեդերսենը նշում է, որ հայերը լայնածավալ բռնությունների զոհ են դարձել, ինչն, անշուշտ, ողբերգություն է, սակայն կառավարությունը որեւէ դիրքորոշում չի հայտնի առ այն, թե դա ցեղասպանություն է, թե ոչ։ Կառավարության կարծիքով` այս հարցը պետք է դիտարկվի պատմաբանների կողմից։
Հեղինակը նշում է, որ պատմաբանները զբաղվել են այս հարցով երկար ժամանակ: Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոսթից զատ, եղել է ցեղասպանագետների կողմից ամենաշատ ուսումնասիրման առարկան: Չկա ցեղասպանության վերաբերյալ գիտական հետոզոտությունների որեւէ ժողովածու, որում անդրադարձած կամ վերանայված չլինի Հայոց ցեղասպանությունը: Գիտական շրջանակներում հիմնականում համաձայնություն կա այդ հարցում եւ այդպես է եղել երկար ժամանակ: Ցեղասպանության հետազոտությունների երկու ամենահեղինակավոր գիտական հաստատություններ` Ցեղասպանություններ ուսումնասիրող գիտնականների միջազգային ցանցը եւ Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան հայտարարել են, որ ակնհայտորեն պարզ է, որ 1915թ․ տեղի ունեցածը ցեղասպանություն է։
Հոդվածում նշվում է, որ Հայոց ցեղասպանության՝ պարբերաբար որպես հակասական հարցի ներկայացումը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, որպեսզի դաշնակից երկրները չօգտագործեն «ցեղասպանություն» եզրույթը։ Այս հարցում գլխավոր դեր է տանում Թուրքական պատմական ընկերությունը, որն ազատ հետազոտության էթիկայի բոլոր սկզբունքները խախտող կառավարական քարոզչական գործիք է։ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է ազդել դիվանագիտության եւ անվտանգության քաղաքականության վերանայման վրա: Այդ իսկ պատճառով այն գիտական հարց չէ, այլ ամենաբարձր մակարդակի ազգային եւ միջազգային քաղաքականության հարց:
Գլադ Փեդերսենը կարծում է, որ ցեղասպանության հարցը պետք է քննարկվի պատմաբանների կողմից։ Նրա կարծիքով` Ցեղասպանության մասին 1948թ․ ՄԱԿ-ի կոնվենցիան մինչ դրա ընդունումը տեղի ունեցած իրադարձությունների վրա տարածելը բավականին բարդ է։ Հոդվածի հեղինակ Բորդ Լարսենը գտնում է, որ Փեդերսենի պատասխանը ճիշտ չէ։ Բացի այդ, եթե կոնվենցիան հետադարձ ուժ չունի, ապա Հոլոքոստը նույնպես չի կարող դիտարկվել որպես ցեղասպանություն։
Հոդվածի հեղինակը նշում է նաեւ, որ Հոլոքոստը կոնվենցիայի նախագծման միակ պատճառը չի եղել։ Կոնվենցիայի ստեղծման հարցում կարեւոր դեր ունեցող լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը սկսել է աշխատել կոնվենցիայի ստեղծման ուղղությամբ դեռեւս մինչեւ Հիտլերի ժամանակաշրջանը։ Ընդ որում, նրա ուշադրությունը գրավել է 1921թ. Հայոց ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը Բեռլինում, ով այնտեղ սպանել էր երիտթուրքերի առաջնորդ Թալեաթ փաշային, սակայն արդարացվել էր։ Դատարանը նշել էր, որ կասկածից վեր է, որ Օսմանյան կառավարությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է կատարել, եւ Թեհլերյանի մեղավորության հարցը պետք է գնահատվի դրա հիման վրա։ Լեմկինը բազմաթիվ նյութեր էր հավաքել այս հարցի առնչությամբ եւ դրանից հետո փորձել էր գտնել մարդկային կյանքի արժանապատվության ոտնահարման այս առանձնահատուկ ուշադրության արժանի դեպքի համար համապատասխան անվանում։
«Հետեւաբար, - եզրակացնում է հոդվածի հեղինակը, - Հայոց ցեղասպանությունը եւ Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան անխզելիորեն կապված են»։
Գլադ Փեդերսենը կարծում է, որ ցեղասպանության եզրույթի սահմանումը ավելի կբարդացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման հնարավորությունը։ Ի հակադրություն վերոնշյալի՝ հոդվածի հեղինակը ներկայացնում է երկու աֆրիկյան պետությունների օրինակը. Ռուանդայում եւ Հարավային Աֆրիկայում կատարված ցեղասպանություններից հետո հաշտություն տեղի չէր ունենա, եթե մեղավորները չընդունեին իրենց գործողությունների հանցավորությունը։ Բորդ Լարսենը նաեւ ընդգծում է, որ հայերը երբեք չեն համակերպվի տեղի ունեցածը սոսկ ողբերգություն անվանելով, ոչ էլ դա կընդունի գիտական հանրությունը: Այդ համատեքստում հեղինակն ինքն իրեն հարց է տալիս. «Իսկ ի՞նչ կասեն Նորվեգիայի քաղաքական գործիչները...»։




























