ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 16-20.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.1 մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում եւ հաշվարկվել է 410.2 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 31.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային  բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 200.0 հազար դրամի  վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային  բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական պետական տեսչության ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 369.7 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0  հազարդրամի վարչական տուգանքի որոշում: 

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 16.1կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:

Կոտայքի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 15 հատ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազարդրամի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 2.0 հազարդրամի վնաս: 

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված  ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 290.0  հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի  3 որոշում եւ հաշվարկվել է 7.0  հազար դրամի վնաս: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.48 մլն. դրամ: