Հայաստանու երեք համայնքների խոշորացման՝ կառավարության որոշումը կարող է դժգոհության ալիք բարձրացնել, դառնալ արտագաղթին նպաստող հանգամանք։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, համայնքների խոշորացումը Հայաստանի համար ինքնին լուրջ քայլ է։ «Խնդիրը վաղուց է բարձրացվել։ Արդեն որերորդ տարին է՝ կառավարությունն այդ հարցի շուրջ մոտեցումներն է հստակեցնում, որ պետք է տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելու համար դիմել խոշորացման։ Եւ բավական երկարաժամկետ գործընթաց է տարվել, հանդիպումներ համայնքներում, հաշվարկներ։ Այսինքն, զուտ տնտեսական արդյունավետության առումով լուրջ աշխատանք արվել է եւ լուծումը հանգել է նրան, որ միայն խոշորացման դեպքում հնարավոր կլինի իսկապես թեթեւացնել մարդկանց կյանքը եւ տեղական ինքնակառավարումն ավելի արդյունավետ դարձնել»,- ասաց նա։
Խաչատրյանը, սակայն, կարծում է, որ այս պահին նման քայլ կատարելը հղի է լուրջ հետեւանքներով։ «Գտնում եմ, որ այժմ դրա ժամանակը չէ։ Բացի տնտեսագիտական հաշվարկներից, ամենակարեւորը, գտնում եմ, որ մարդկանց վստահությունը պետք է լինի գործընթացի նկատմամբ։ Եւ ինչպես միշտ, երբ դա չի լինում, նույնիսկ ամենալավ նախագիծը ձախողվում է։ Այսինքն, այն, ինչ կատարվեց կուտակային պարտադիր համակարգի հետ, քանի որ իշխանության նկատմամբ, իշխանության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահություն չկար, նաեւ պարտադրանքի հանգամանքը կուտակայինը դարձրին արատավոր սիստեմ»,- ասաց տնտեսագետը եւ հավելեց. «Իշխանությունը ունի զրո վստահություն, եւ այս պայմաններում այսպիսի կարեւորագույն քայլ անելը սխալ է»։
Հարցին, թե ինչի կհանգեցնի որոշման իրականացումը, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Սա կարող է դժգոհության ալիք բարձրացնել, դառնալ արտագաղթին նպաստող հանգամանք։ Ես չէի ուզենա, որ այս գործընթացը, որը իր մեջ դրական առումով պոտենցիալ ունի, ջուրը թափվի։ Կառավարությունը մինչեւվերջ այդպես էլ չներկայացրեց, թե ինչու է հարցը դարձել օրակարգային հարց։ Այսօր ՀՀ օրակարգում խոշորացման խնդիր չկա, որովհետեւ ավելի կարեւոր խնդիր կա։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում, արտագաղցթի պայմաններում ավելի կարեւոր է վստահության վերականգնումը։ Այսպիսի կարեւոր նշանակության հարցերն առանց վստահության խնդրի լուծման իրականացնել հնարավոր չէ»։
Այս պայմաններում համայնքների խոշորացման ծրագիրը Վահագն Խաչատրյանը բացասական է գնահատում, նաեւ բիզնեսի առումով, հասարակական-քաղաքական առումով, մարդկային առումով։ «Պրոցեսը հարթ չի ընթանալու։ Խոչընդոտները շատ են։ Շատ դժվար է մարդկանց, որ տասնյակ տարիներ հանդես են եկել մի համայնքի անունով, հիմա նշեն մեկ այլ համայնք։ Նաեւ հանրաքվեն, անելու են կեղծիքներով, ինչպես ցանկացած ընտրություն Հայաստանում։ Սա ավելի է նպաստելու երկրի վիճակի վատթարացմանը»,- ամփոփեց Վահագն Խաչատրյանը։
Նշենք, որ կառավարության՝ մարտի 19-ի նիստում որոշում է կայացվել մայիսի 17-ին անցկացնել հանրաքվե մի քանի համայնքների՝ Դիլիջանի, Թումանյանի եւ Տաթեւի խոշորացման համար: Այսպես նախատեսվում է Թումանյան համայնքի խոշորացման արդյունքում միավորել Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները, բնակչությունը կլինի մոտ 4597 , կենտրոնը՝ Թումանյանը: Տաթեւ համայնքի խոշորացման արդյունքում միավորվում են Տաթեւը, Հալիձորը, Հարժիսը, Շինուհայրը, Սվարանցը, Խոտը, Տանձատափը, Քասունին, բնակչությունը՝ 5960, կենտրոնը կլինի Շինուհայրը, քանի որ այդտեղ ենթակառուցվածքները եւ բնակչությունը շատ է: Դիլիջան համայնքի միավորման արդյունքում կմիավորվեն Դիլիջանը, Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը, բնակչությունը 25576 կլինի, կենտրոնը՝ Դիլիջան:





























