ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքի՝ «Հիմնադիր խորհրդարանի» հասցեին վիրավորանք պարունակող մասին հարկ չկա անդրադառնալու, դրանից նա ավելի կուլտուրական մարդ չի դառնա, վաղուց այդ հույսը չունենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ իր մեկնաբանությամբ Աղվան Վարդանյանը իր էությունն է ցույց տալիս, անիմաստ է անգամ պատասխանելը, քանզի դրանից նա ավելի կուլտուրական մարդ չի դառնա, այդ հույսը վաղուց չունեն:

«Խոսքը իրական մարդկանց է վերաբերում ինչպես նախորդ դեպքերում: Ակնհայտ է, որ սա գործընթաց է որը շարունակություն է ունենալու, Աղվան Վարդանյանի պատասխանը փորձ է այդ շարունակությունը չտեսնելու, աչք փակելու: Սա նորություն չէ, վաղուց է, ինչ մեր կուսակցապետերը չեն ուզում իրականությունը տեսնել, նրանք իրականությունից կտրված եւ պալատական միջանցքներում ապրող մարդիկ են: Իրենք Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցում են ժողովրդի իշխանության յուրացմանը, ըստ էության իրենց կուսակցության ներսում եւս յուրացնում են իրենց կուսակիցների կամքը, դա իրենց գործելաոճն է, ինչի ապացույցյն էլ վերջին ժողովն է, երբ ուզուրպատորների գրեթե նույն կազմը ընտրվեց»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամը շեշտեց, որ Հայաստանում որեւէ կուսակցություն չկա, դա անհեթեթություն է, իմտիացիա, կեղծ կառույցներ են, որոնք սպասարկում են կուսացկապետերի շահերը, նրանք էլ իշխանության շահերն են սպասարկում իրենց անձնական, կլանային խնդիրների լուծման համար: Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ դա շահառուների մի ակումբ է, որտեղ հավավքել են, կեսը՝ իշխանություն, կեսը ընդդիմություն է խաղում, հանուն օտարի շահի եւ իրենց շահի՝ ժողովրին կեղեքում են, երկիրն էլ հանել՝ վաճառքի:

Նշենք, որ ՀՅԴ մի խումբ անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որով միացել են «Հիմնադիր խորհրդարանին»:  Նրանք են ՀՅԴ Արագածոտնի մարզի «Աշոտ Ղուլյան» կոմիտեի անդամ Սարգիս Սեդրակյանը, «Նաիրի» կոմիտեի անդամ Վիկտոր Դավթյանը, Արցախի կառույցի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներ Մարինե Մանուկյանը եւ Թորոս Թորոսյանը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, մեզ հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Իսկ որ այդ ապուշ տեքստերը «Հիմնադիր խորհրդարանը» արդեն որերորդ անգամ շրջանառության մեջ է դնում, դա իրենց խնդիրն է, մենք այդ թեման համարում ենք փակված: Փաստորեն երեք ամսվա մեջ հերթական անգամ փորձել են ու  ընդամենը 4 մարդ են գտել, որոնցից 3,5-ը ՀՅԴ-ի հետ կապ  չունեն: Եթե նրանք հրապարակային գործելու այլ ձեւ չեն գտել եւ նրանց նպատակը ՀՅԴ-ից հեռացված, Դաշնակցությանը ոչ պիտանի մարդկանց ակումբ դառնալն է, իրենց խնդիրն է»: