Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արշակ Մխիթարյանը («Բռլիանտի Արշակ») վստահեցնում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մտադրություն չի ունեցել եւ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արշակ Մխիթարյանը:
Նա շեշտեց, որ ԲՀԿ-ից դուրս չի գալու, իսկ կուսակցությունից դուրս եկած գործընկերներին էլ նորմալ է վերաբերում, «ամեն մեկն ինքն է իր ճակատագիրը որոշում»: Հարցին, թե մնալով ընդդիմադիր քաղաքական ուժի կազմում՝ մտավախություն չունե՞ք ձեր բիզնեսների համար, պատգամավորն այսպես պատասխանեց. «Ես քաղաքականությամբ եմ զբաղվում, բիզնեսներ չունեմ»: Իսկ բռլիանտի գործարա՞նը հարցրինք, նա նշեց՝ «գործարանը հիմա չի աշխատում, որ աշխատեր էլ, ես ԲՀԿ-ից դուրս չէի գալու, այսօր չի աշխատում, վաղը կարող է աշխատել, ժամանակավոր դադար է»:
Արդյոք այլ բիզնեսներ չունի Արշակ Մխիթարյանը, պատգամավորն ասաց, որ իր ընտանիքի անդամներն ունեն, եւ չի կարծում, որ եթե ընդդիմություն են, պետք է ճնշումներ լինեն:





























