Ռուսական պրեմիեր լիգայում հանդես եկող մերձմոսկովյան «Խիմկի» ակումբը հայտավորել է 17 ամյա կիսապաշտպան Գոռ Հովհաննիսյանին։ «Խիմկի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անդրեյ Գրոմովը, խոսելով թիմում նորեկի հեռանկարներից, ասել է, որ Հովհաննիսյանի վրա արդեն աչք են դրել նաեւ ուրիշ ակումբներ, այդ իսկ պատճառով նրա հետ դեռ հունիսին պայմանագիր են կնքել։ Գրոմովը նաեւ նշել է, որ անշուշտ նա կուժեղացնի «Խիմկին»՝ միաժամանակ նկատելով, որ «հավանական է նա այս խաղաշրջանում հանդես կգա Ռուսաստանի երիտասարդական հավաքականում»։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամները այժմվանից պետք է մտածեն Հովհաննիսյանին Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրելու մասին։ Հակառակ դեպքում նա կխաղա Ռուսաստանի երիտասարդականի կազմում եւ մենք կկորցնենք հերթական տաղանդավոր ֆուտբոլիստին։




























