Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարության ենթարկված, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի առողջական վիճակը համապատասխանում է հետվիրահատական երկրորդ օրվան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրի հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Նա նշեց, որ հիվանդի առողջական վիճակը բավարար է, հետվիրահատական ընթացքն անցնում է հարթ, առանց բարդությունների: Այսօր նրան կքայլեցնեն, իսկ վաղը արդեն կտեղափոխեն Վիրաբուժական բաժանմունք՝ հիվանդասենյակ: Հրաչիկ Միրզոյանը խոսում է, գիտակցությունը առկա է, իսկ թե ինչպես է եղել դեպքը, ՀԽ անդամը պատմել է, որ խառնաշփոթ վիճակ է ստեղծվել, երբ սկսել են ձվերով հարվածել, իրենք վազել են նրանց հետեւից եւ այդ պահին էլ եղել է դեպքը:
«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Վարդան Հակոբյանն էլ նշեց, որ չնայած քրեական գործ է հարուցվել փաստի առթիվ, իրենք էլ ոստիկանությանը տրամադրել են դանակահարողի լուսանկարը, այնուամենայնիվ, դեռ ձերբակալվող չկա:
«Իրենց աչքի առաջ է եղել, ու իրենք էլ թողել են, որ հանցագործը թողնի գնա: Մենք նկարը տրամադրել ենք իրենց, հասցե՞ն էլ պիտի տանք, որ գնան ձերբակալեն»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ դանակահարելու փաստով քրգործ է հարուցվել։ Քրգործը հարուցվել է Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը)։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, միջադեպ էր տեղի ունեցել նաեւ Գյումրիի թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ. մի խումբ երիտասարդներ ձվեր են նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, անհայտ անձը դանակահարել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Հրաչիկ Միրզոյանին։ Վիրահատության ժամանակ հեռացվել էր նրա փայծաղը: «Հիմնադիր խորհրդարանը» Երեւանից մեկնել էր Գյումրի՝ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու:




























