Իրանական ընդդիմության առաջնորդներից Մահդի Քարուբին հրապարակել է հետընտրական շրջանում կալանավորված ընդդիմադիրներին տանջանքի ու կտտանքի ենթարկելու նոր փաստեր:

Նրա ներկայացմամբ, բանտապահները նստում էին ձերբակալվածների մեջքին ու ստիպում վերջիններիս անասունի պես սողալ՝ այդ ընթացքում ծեծելով ու տանջելով նրանց: Քարուբիի «Էթեմադ Մելի» կուսակցության կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ նկարագրվում են նաեւ Կահրիզաք բանտում ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող այլ կտտանքներ:

Ավելի վաղ, Քարուբին մեղադանք էր հնչեցրել, թե այդ կալանավայրում «դաժանորեն բռնաբարվել էին մի քանի կանայք ու տղամարդիկ»: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հերքել էր մեղադրանքները: Կահրիզաքում արդեն գրանցվել են կալանավորների մահվան դեպքեր: